ԲԸՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել COP17-ի իր գործառույթների մասին
Տնտեսություն
18:10 17/07/2026
Հայաստան

ԲԸՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել COP17-ի իր գործառույթների մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին, հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավար կազմը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի ներկայացուցիչները։

Քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնակցությունը համաժողովի «կանաչ» և «կապույտ» գոտիներում։

«Կանաչ» գոտում Տեսչական մարմինը կներկայացնի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական պետական վերահսկողության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումները, իսկ «կապույտ» գոտում կկազմակերպի երկկողմ ու բազմակողմ թեմատիկ քննարկումներ ու հանդիպումներ՝ ներկայացնելով Հայաստանի բնապահպանական վերահսկողական համակարգի փորձն ու իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքը՝ հստակեցնելով ներգրավված կառույցների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները՝ համաժողովի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder