Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղբանտարկյալների բանտում այժմ ապաստանել են փոկերը. Գյարոս կղզու կարմիր աղյուսե բանտի պատմությունը
Էգեյան ծովում գտնվող անմարդաբնակ Գյարոս կղզին երկար տարիներ հայտնի էր որպես «Սատանայի կղզի»՝ այստեղ գտնվող կարմիր աղյուսից կառուցված բանտի պատճառով։
1948 թվականից այն վերածվեց քաղաքական բանտի, որտեղ աքսորվեցին ավելի քան 20 հազար հույներ՝ հիմնականում կոմունիստներ, գրողներ, ուսանողներ և արվեստագետներ։ Հետագայում՝ 1967-1974 թվականների կղզին դարձավ հարկադիր աշխատանքի և խոշտանգումների վայր, իսկ 1974-ից մինչև 2002 թվականը օգտագործվեց որպես ռազմածովային ռմբակոծման պալիգոն։
BBC-ի փոխանցմամբ, սակայն հենց մարդկանց երկարատև բացակայությունն անսպասելիորեն վերածեց Գյարոսը վայրի բնության ապահով ապաստանի։
2000-ականների սկզբին արված լուսանկարը, որտեղ մայր միջերկրածովյան վանական փոկը հանգստանում էր իր ձագի հետ բաց լողափում, գիտնականների ուշադրությունը հրավիրեց կղզու վրա։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ այստեղ ապրում է շուրջ 70 չափահաս փոկերից բաղկացած գաղութ՝ այն ժամանակ Միջերկրական ծովի ամենախոշորներից մեկը։ Գիտնականներին հատկապես զարմացրեց, որ կենդանիները չէին թաքնվում քարանձավներում, այլ իրենց բնական վարքով հանգիստ բազմանում էին բաց ափերին։
Փոկերի հայտնաբերումից հետո Գյարոսի պահպանությունը դարձավ առաջնահերթություն։ 2019 թվականին կղզու շրջակայքը հռչակվեց ծովային պահպանվող տարածք, ներդրվեցին մշտական պարեկություն և հեռակառավարման մոնիթորինգ, ինչի արդյունքում անօրինական ձկնորսությունը զգալիորեն կրճատվեց։ Գիտնականները արձանագրեցին ավելի հարուստ և բազմազան ծովային կյանք, ներառյալ դելֆիններ, կետեր, ծովային կրիաներ և բազմաթիվ ձկնատեսակներ։
Գյարոսը կարևոր ապաստարան է նաև ոչնչացման վտանգի տակ գտնվող Ելկուանի խութաբազուկների համար։ Այստեղ է գտնվում աշխարհի երկրորդ ամենամեծ գաղութը, թեև թռչուններին սպառնում են ներմուծված առնետներն ու վայրի խոզերը, որոնց դեմ արդեն իրականացվում են վերահսկման միջոցառումներ։
Չնայած վերջին տարիներին կղզին ստացել է պաշտպանության ամենաբարձր իրավական կարգավիճակը, մասնագետները նշում են, որ միայն մեկ պահպանվող տարածքը բավարար չէ։ Միջերկրական ծովի կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է ավելի լայն և համակարգված ծովային կառավարման քաղաքականություն։ Գյարոսի փորձը, սակայն, ապացուցում է, որ նույնիսկ ամենամռայլ պատմություն ունեցող վայրերը կարող են վերածվել բնության վերականգնման բացառիկ օրինակների։