858 ակտիվ հրդեհ Կանադայում․ ծուխը վտանգավոր է դարձրել ԱՄՆ-ի օդը
Առողջություն
16:30 17/07/2026
Աշխարհ

858 ակտիվ հրդեհ Կանադայում․ ծուխը վտանգավոր է դարձրել ԱՄՆ-ի օդը

Կանադայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները․ երկրում գրանցվել է 858 ակտիվ հրդեհ, որոնցից մեծ մասը դեռևս անվերահսկելի է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հրդեհների հետևանքով առաջացած խիտ ծուխը տարածվել է ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի հյուսիսային և արևելյան շրջաններում՝ վատթարացնելով օդի որակը Դետրոյթից ու Տորոնտոյից մինչև Նյու Յորք և Նոր Անգլիա։ ԱՄՆ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Չիկագոյում, Փիթսբուրգում, Տոլեդոյում և Գրանդ Ռեփիդսում, հայտարարվել են վտանգավոր օդի որակի մասին ահազանգեր, ինչի պատճառով չեղարկվել են բացօթյա միջոցառումներ, փակվել հանրային լողափեր, իսկ բնակիչներին հորդորել են հնարավորության դեպքում մնալ տանը։

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը իրավիճակը բնութագրել է որպես շատ լուրջ առողջական խնդիր առաջացնող՝ նշելով, որ խիտ ծուխը ծածկել է նահանգի մեծ մասը։ Քաղաքում գործարկվել են օդի որակի արտակարգ միջոցառումներ, բացվել են սառեցման կենտրոններ և բնակիչներին տրամադրվել են դիմակներ։ Միևնույն ժամանակ, IQAir ընկերության տվյալներով՝ աշխարհում ամենավատ օդի որակն այս պահին գրանցվել է Դետրոյթում, որին հաջորդում են Մինեապոլիսը, Չիկագոն և Տորոնտոն։

Օնտարիոյի հյուսիսում հրդեհները լուրջ վնասներ են հասցրել նաև տեղի համայնքներին, տասնյակ բնակիչներ տարհանվել են, գրեթե բոլոր տները վտասվել են

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Օնտարիոյում սպասվող անձրևները դժվար թե էական ազդեցություն ունենան հրդեհների վրա, իսկ հյուսիսարևմտյան քամիները ծուխը կշարունակեն տարածել դեպի ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ։ Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ կլիմայի տաքացման և երկարատև չոր եղանակի պատճառով Կանադայում անտառային հրդեհները վերջին տարիներին դարձել են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ՝ աստիճանաբար տեղափոխվելով երկրի արևելյան շրջաններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder