Թրամփը մեղադրում է Կանադային հրդեհի պատճառով օդի աղտոտվածության համար և uպառնnւմ ավելացնել հարկերը
Աշխարհում
12:40 18/07/2026
Աշխարհ

Թրամփը մեղադրում է Կանադային հրդեհի պատճառով օդի աղտոտվածության համար և uպառնnւմ ավելացնել հարկերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կանադային ԱՄՆ-ում տարածված անտառային հրդեհների ծխի համար՝ հայտարարելով, որ դրա հետևանքով առաջացած անհաշվելի ծախսը պետք է ավելացվի կանադական ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Նրա խոսքով, Կանադան պատշաճ կերպով չի կառավարում հրդեհը, ինչի հետևանքով Միացյալ Նահանգները պարբերաբար ենթարկվում է աղտոտված և առողջության համար վնասակար օդի ազդեցությանը։ Թրամփը նաև նշել է, որ կզանգահարի Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, որը որակել է բացարձակապես անընդունելի։

Միևնույն ժամանակ, Կանադայի արտակարգ իրավիճակների կառավարման և համայնքների դիմակայունության նախարար Էլեոնոր Օլշևսկին հայտարարել է, որ կառավարությունը 2020 թվականից ի վեր շուրջ 12 միլիարդ կանադական դոլար է ներդրել անտառների կայունության բարձրացման և հրդեհների կանխարգելման ծրագրերում։ Նրա խոսքով, առաջնահերթությունը բնակչության և համայնքների պաշտպանությունն է, իսկ Կանադան շարունակում է համագործակցել ԱՄՆ-ի հետ սահմանամերձ տարածքներում հրդեհների դեմ պայքարում։

Օդերևութաբանները նշում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով աճող ջերմաստիճաններն ու երաշտները նպաստում են ավելի հաճախակի և ուժգին անտառային հրդեհների առաջացմանը։ Բրիտանական Կոլումբիայի Թոմփսոն Ռիվերս համալսարանի պրոֆեսոր Մայք Ֆլաննիգանի խոսքով, կլիմայի տաքացմանը զուգահեռ նման աղետները շարունակելու են ավելանալ։

Այս տարվա ամենախոշոր հրդեհները գրանցվել են Օնտարիոյի հյուսիս-արևմուտքում, որտեղ արդեն այրվել է շուրջ 650 հազար հեկտար  տարածք, իսկ հազարավոր մարդիկ տարհանվել են։ Թանդեր Բեյ քաղաքը, որտեղ ապաստանել են բազմաթիվ տարհանվածներ, արդեն գերբնակեցված է։ Օնտարիոյի ղեկավար Դուգ Ֆորդը հայտարարել է, որ նահանգը ձեռք կբերի 11 նոր հրշեջ ինքնաթիռ՝ արագ տարածվող հրդեհների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով։ Մինչդեռ ԱՄՆ-ում նույնպես հրդեհները միջինից ակտիվ են․ 2026 թվականին արդեն այրվել է 3.7 միլիոն հեկտար տարածք՝ զգալիորեն գերազանցելով վերջին տասը տարվա միջին ցուցանիշը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder