Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպանը դիմել է Թրամփի օգնությանը ԱՄՆ մուտքի մերժումից հետո
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջոան Կապդեվիլան օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև կիրակի կայանալիք Աշխարհի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
2010 թվականի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի անդամ Կապդեվիլան հայտնել է, որ իր դիմումը մերժվել է այն պատճառով, որ 2016 թվականին մասնակցել է Իրանում անցկացված Լա Լիգայի աստղերի ցուցադրական հանդիպմանը։ 48-ամյա նախկին ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակում է կատարել՝ օգնության խնդրանքով նշելով Դոնալդ Թրամփին։
«Ինձ պարզապես ասացին, որ չեմ կարող երեխաներիս հետ մեկնել եզրափակիչ խաղին, քանի որ իմ ESTA-ն (Ճանապարհորդության թույլտվության էլեկտրոնային համակարգ) մերժվել է», — գրել է նա՝ ընդգծելով, որ այդ թույլտվությունը պարտադիր է ԱՄՆ առանց վիզայի մուտք գործելու համար։
Կապդեվիլան նշել է, որ չափազանց ոգևորված էր 2010 թվականի իր նախկին թիմակիցների և ներկայիս հավաքականի կողքին լինելու հնարավորությամբ՝ նրանց աջակցելու համար։
«Չեմ կարող հավատալ, որ ինձ թույլ չեն տալիս մուտք գործել ԱՄՆ, և որ երեխաներիս հետ բաց կթողնեմ այս բացառիկ պահը, մինչդեռ նրանք այնքան շատ են սիրում ֆուտբոլը», - գրել է նա։
Կապդեվիլան իր հրապարակման մեջ նշել է նաև Իսպանիայի սպորտի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։