Տեր կանգնենք մեր բնությանը, թույլ չտանք այն վնասել․ Ստեփանավանցիները դեմ են հանքավայրի շահագործմանը
Տնտեսություն
18:15 18/07/2026
Հայաստան

Տեր կանգնենք մեր բնությանը, թույլ չտանք այն վնասել․ Ստեփանավանցիները դեմ են հանքավայրի շահագործմանը

2026թ. հուլիսի 17-ին Լոռու մարզում անցկացվեցին «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումները։ Ինչպես հայտարարեցին հանրային լսման մասնակից քաղաքացիները՝ առաջին հանրային լսման մասին իրազեկումը պատշաճ չի կատարվել և շատերը տեղյակ չեն եղել քննարկման մասին։

ՇՄՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՀՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Հովակիմ Ֆրունզիկյանը պնդեց,որ

«Օրենքի կետին համապատասխան հայատարարություն է տրվել է թերթում առաջին հանրային լսման վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատվություն կրում է երկրորդ հանրային  վերաբերյալ։ Մեզ ներկայացված փաստաթղթում եղել է ավագանու որոշումը և կազմված արձանագրությունը»,- ասաց նա։

Հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները համարեցին, որ առաջին հանրային լսումն անցել է օրենքի կոպիտ խախտմամբ, հետևաբար տեղի ունեցող գործընթացն անօրինակ է։

Բնակիչները մեծամասամբ դեմ արտահայտվեցին՝ պնդելով, որ մեծ ներդրումներ են արվում թե՛ գյուղատնտեսության, թե՛ տուրիզմի ոլորտներում։

«Մենք չենք ուզում դառնալ Քաջարան»,- հայտարարեց ստեփանավանցին։

Նշենք, որ «Սագամար» ՓԲԸ-ն այս պահին էլ շահագործում է Արմանիսի հանքավայրը։ Ինչպես հայտնեց ընկերության ներկայացուցիչը՝ արտահանում չեն իրականացնում, սահմանափակ թվով են աշխատախում՝ մոտ 50 աշխատակից։  Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել տարածքներն ու , ինչպես կազմակերպության ներկայացուցիչը նշեց, ավելացնել աշխատատեղերը։

 «Լոռե» Էկո-ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Մանյա Մելիքջանյանը Panorama.am-ի հետ զրույցում կոչ արեց՝ թույլ չտալ վնասել բնությունը։

«Բնությունը մեզ ի պահ է տված։ Մենք պետք է այն փոխանցենք հաջորդ սերունդներին, սա է այսօր մեր պարտքը։ Հարգելի ստեփանավանցիրներ ու բնասեր մարդիկ, դիմում եմ ձեզ՝ տեր կանգնելու բնությանը և թույլ չտալ այն վնասել։ Ես նախկին փորձից  գիտեմ և կարող եմ ասել, որ կվնասվի գետի ջուրը, որովհետև աղտոտվում է ։ Եթե նրանք պարտավորություն չստանձնեն, որ կմաքրեն գետի ջուրը։ Կվնասվի օդը , որը շնչում ենք։ Ստեփանավանը զբոսաշրջության ոլորտում մեծ համբավ ունի՝ շնորհիվ մաքուր օդի, իսկ հանքավայրի գործունեությունը կարող է  աղտոտել և՛ մաքուր օդը, և՛ գետը, և՛ առհասարակ շրջակա միջավայրը»,- նշեց Մելիքջանյանը։

Մելիքջանյանը հիշեցրեց, որ քանիցս ահազանգեր եղել են պոչանքի աղտոտման դեպքերով, երբ ընկերությունը շահագործում էր հանքավայրը։

Ավելի մանրամասն՝  տեսանյութում։

Հիշեցնենք նաև, որ «Սագամար» ՓԲԸ-ն Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործման համար մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի։

Համաձայն ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 2021թ-ի հունիսի 24-ի 1006-Ա հրամանի՝ ՏԿԵ նախարարությունը վարչական վարույթ էր սկսել «Սագամար» ՓԲԸ-ի նկատմամբ, քանի որ  ընկերությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չի վճարել 9 միլիոն 481 հազար 120 դրամ, ինչպես նաև 2016-2019թթ. չի շահագործել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

2021թ. հունիսի 11-ին ՏԿԵ նախարարությունում կայացած վարչական լսման ժամանակ ընկերությունը ներկայացրել է որոշ փաստաթղթեր, ըստ որոնց՝ Կենտրոնական գանձապետարանի հաշվին է փոխանցել 9 միլիոն 124 հազար 557 դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրությունը: Համաձայն այդ գրության՝ ընկերությունում անցկացված ստուգման արդյունքները ցույց են տվել, որ 2021թ-ի մարտ ամսին ընկերությունը լեռնակապիտալ և հողային աշխատանքների հետ միաժամանակ սկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ և արդեն սկսել է արդյունահանել հանքաքար։

 Նաև հավելելնք, որ   01102021 թ-ին հրապարակված չեխական  «Առնիկա» ընկերության հետազոտության համաձայն ՝ Ուրասարում և Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան 3-ից 8 անգամ գերազանցել է հողի համար սահմանված առավելագույն կոնցենտրացիան: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր: Իսկ ահա  Պղնձի կոնցենտրացիան հողում ավելի քան 20 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։

Մյուս բոլոր ծանր մետաղները նույնպես գերազանցել են սահմանային թույլատրելի նորման։ Մանրամասներն այստեղ։

Նշենք, որ Ուրասարում  կա պահպանվող տարածք՝ հայտնի Ջրաշուշանների լիճը, որի գոյությունը կարող է վտանգվել՝ հանքավայրի շահագործման դեպքում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder