Բրազիլիայում նախագահի թեկնածուն կանանց անվճար սմարթֆոններ է խոստանում
Քաղաքական
11:13 20/07/2026
Աշխարհ

Բրազիլիայում նախագահի թեկնածուն կանանց անվճար սմարթֆոններ է խոստանում

Աջակողմյան քաղաքական գործիչ և սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն, ով առաջադրվում է Բրազիլիայի նախագահի պաշտոնում, խոստացել է բրազիլացի աղքատ կանանց անվճար բջջային հեռախոսներով եւ ինտերնետ հասանելիությամբ տրամադրել, եթե նա հաղթի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Մենք արդեն խոսել ենք բջջային օպերատորների հետ, ովքեր չափազանց շահագրգռված կլինեն օգնել կառավարությանը 70 միլիոն կանանց համար հաղորդակցության հասանելիություն ապահովել։ Մենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում քննարկում ենք բջջային հեռախոսների տրամադրումը այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն գնել դրանք» - ասել է թեկնածուն  տեսաուղերձում:

Նա դեռեւս չի բացատրել, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու այս նախաձեռնությունը եւ ինչ մասնաբաժին է լինելու մասնավոր ընկերությունների մասնակցությունը: Նրա կուսակցության վարչությունն ընդգծել է, որ ծրագիրը պետք է օգնի կանանց հեռավար կրթություն ստանալ, աշխատանք փնտրել, բիզնես զարգացնել եւ կարողանալ հաղորդել ընտանեկան բռնության դեպքերի մասին:

«ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով բրազիլական լրատվամիջոցների գնահատականները, հայտնում է, որ եթե պետությունը որոշի գնել 700 ռեալ արժողությամբ ամենապարզ սմարթֆոնները (մոտ 125 դոլար) գոյություն ունեցող սոցիալական նպաստների ծրագրերի 28,7 միլիոն մասնակիցների համար, ապա այս խոստման կատարումը բյուջեին կարժենա ավելի քան 20 միլիարդ ռեալ (ավելի քան 3,5 միլիարդ դոլար): Միեւնույն ժամանակ, այս գումարը չի ներառում նույնիսկ բջջային ինտերնետի փաթեթների կանոնավոր վճարման ծախսերը։

Նշենք, որ հոկտեմբերին Բրազիլիայում կանցկացվեն հաջորդ նախագահական ընտրությունները։ Գործող նախագահ Լուիզ Ինասիո Լուլա դա Սիլվան արդեն հայտարարել է իր մասնակցության մասին։ Ակնկալվում է, որ նրա հիմնական մրցակիցը կլինի Ռիո դե Ժանեյրո նահանգի սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն՝ նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի որդին, ով դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder