Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
AliExpress-ը տուգանվել է ռեկորդային 550 միլիոն եվրոյով՝ անօրինական ապրանքների վաճառքը չկանխելու համար
Չինաստանի օնլայն մանրածախ հարթակ AliExpress-ը ԵՄ-ի կողմից տուգանվել է ռեկորդային 550 միլիոն եվրոյով՝ իր կայքի միջոցով վաճառվող անօրինական և վնասակար ապրանքները չկանգնեցնելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Եվրոպական հանձնաժողովի որոշման համաձայն, հարթակում հասանելի են եղել վտանգավոր հագուստ, կոսմետիկա, խոհանոցային սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք չեն համապատասխանել ԵՄ անվտանգության չափանիշներին։
Սա ամենամեծ տուգանքն է, որը սահմանվել է ԵՄ-ի կողմից Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) շրջանակում։ Օրենսդրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականին՝ նպատակ ունենալով պաշտպանել սպառողներին անօրինական ապրանքներից։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ հագուստի, վտանգավոր կոսմետիկայի, անվտանգ չհամարվող խաղալիքների և այլ անօրինական ապրանքների տարածումը չի կարող համարվել առցանց գնումների անխուսափելի հետևանք։ Ըստ հանձնաժողովի, AliExpress-ը չի կատարել DSA-ով ստանձնած պարտավորությունները և բավարար միջոցներ չի ձեռնարկել սպառողների անվտանգությունն ապահովելու համար։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը բավարար թվով աշխատակիցներ չի ունեցել ապրանքների օրինականությունը ստուգելու համար։
ԵՄ-ի տվյալներով, որոշ վտանգավոր ապրանքներ հայտնաբերվելուց հետո ևս շաբաթներ շարունակ մնացել են հարթակում։ Տուգանքի չափը, ըստ հանձնաժողովի, պայմանավորված է եղել խախտումների բնույթով և լրջությամբ։
AliExpress-ը, սակայն, չի համաձայնել որոշման հետ՝ այն անվանելով անհամաչափ։ Ընկերությունը հայտարարել է, որ վերանայում է որոշումը և դիտարկում է հետագա քայլերը։
ԵՄ-ի նախկին ուսումնասիրությունները, որոնք ներառել են նաև Shein-ի նման խոշոր հարթակներում վաճառվող ապրանքներ, ցույց են տվել, որ կոսմետիկայի 65 %-ը, սննդային հավելումների 63 %-ը և անձնական պաշտպանության միջոցների 60 %-ը չեն համապատասխանել անվտանգության պահանջներին։