Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը հայտնվել է փակուղում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։
Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն՝ հարսը խոստովանել է իր հանցանքը և իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։
Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։
ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։
Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։ Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։ Թեև օրենքը հնարավորություն է տալիս գործը վերաբաշխել մեկ այլ դատավորի, գործով անցնող կողմերը պահանջել են, որ դատաքննությունը շարունակի հենց Մերի Մոսինյանը։
Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։ Սա նշանակում է, որ գործով արդեն վկայի կարգավիճակ ունեցող Անի Գևորգյանը, որը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, դատարանում իր ցուցմունքները կտա ոչ շուտ, քան 6 ամիս անց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում