ԿԸՀ-ն կարո՞ղ է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը
Իրավունք
16:06 21/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն կարո՞ղ է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը

Դատախազությունից ԿԸՀ-ն ստացել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ  Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն։ Ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ հղում կատարելով ՍԴ համապատասխան որոշմանը, ըստ որի, ընտրված պատգամավորը, քանի դեռ լիազորությունները չի ստանձնել, այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ։

Նա այսպես արձագանքեց լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԿԸՀ-ն լիազորություն ունի քննելու արդեն արձանագրությամբ պատգամավորի մանդատը ստանձնած  թեկնածուի վերաբերյալ միջնորդությունը։ Վ.Հովակիմյանը նաև մեջբերեց Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդված 5-րդ կետը՝ «Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»։ 

Հստակեցնող հարցին՝ այսինքն մինչև օգոստոսի 2-ը՝ ԱԺ առաջին նիստը, պատգամավորների հետ կապված ցանկացած միջնորդություն քննելո՞ւ է ԿԸՀ-ն,  ԿԸՀ նախագահն ասաց. «Մինչև օգոստոսի 2-ը, եթե արձանագրությունում ընդգրկված պատգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, դատախազությունը պետք է դիմի ԿԸՀ, համաձայնություն ստանա, այնուհետև քրեական հետապնդումը հարուցի, եթե չստանա, չի կարող հարուցել։

Օգոստոսի 2-ի ժամը 10.00-ից սկսած՝  արդեն պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու համար դատախազությունը պետք է դիմի խորհրդարան։

Հուլիսի 21-ից, այսինքն արձանագրությունը կազմելու պահից, մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն, արձանագրությունում ընդգրկված ընտրված պատգամավոր ունի ընտրված, բայց լիազորությունները չստանձնած պատգամավորի կարգավիճակ»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder