Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց
Քաղաքական
08:08 21/07/2026
Հայաստան

Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց

Քաղաքագետ, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը գրում է.

««Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ «ՀԺ»-ի տաղավարում նման հայտարարություն է արել իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Երբ հաղորդավարը հարցրել է, թե որն է այդ պատմության աղբյուրը, Ավետիսը պատասխանել է. «Չեմ հիշում, բայց գիտեմ, որ տենց պատմություն է եղել»։ Դրանից հետո, որևէ փաստ կամ ապացույց չներկայացնելով, նա եզրակացրել է, թե «Ծառուկյանն առյուծներին օգտագործել է նաև մարդկանց վախեցնելու նպատակով»։

Գործ ունենք զազրելի երևույթի հետ, երբ մտավորական կոչվող անձը վերածվում է պալատական սազանդարի՝ ակնհայտ չստուգված տեղեկություններով և կեղծիքներով նպաստելով իշխանության ռեպրեսիվ քաղաքականության տեղեկատվական սպասարկմանը։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ ավտորիտար իշխանությունները չեն ունենում բավարար իրավական հիմքեր՝ իրենց քաղաքական ընդդիմախոսներին թիրախավորելու համար, գործի են դնում քարոզչությունը։ Ստեղծվում են առասպելներ, շրջանառվում են չապացուցված պատմություններ, իսկ հանրային կարծիքը փորձում են ձևավորել վախի, պիտակավորման և զրպարտության միջոցով։ Սա գեբելսյան քարոզչության դասական մեթոդաբանությունն է, որտեղ բազմիցս կրկնվող սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն։

Վիգեն Ավետիսի այս վարքագիծը, ցավոք, նորություն չէ։ Նա նախկինում ևս հրապարակայնորեն քծնել է գործող իշխանությանը՝ անգամ Նիկոլ Փաշինյանին համեմատելով Գարեգին Նժդեհի հետ։

Եթե Վիգեն Ավետիսն իսկապես տեղեկություններ ունի իր պատմած դեպքի վերաբերյալ, ապա պարտավոր է հրապարակայնորեն ներկայացնել այն «քանդակագործի» անունը, որի մասին խոսում է, ինչպես նաև ներկայացնել իր պնդումները հիմնավորող փաստերն ու ապացույցները։ Հակառակ դեպքում նրա հայտարարությունները պետք է արժանանան ոչ միայն խիստ բարոյական գնահատականի, այլև իրավական գնահատման՝ օրենքով սահմանված կարգով։

Հանրային խոսքը չի կարող հիմնվել «լսել եմ» կամ «չեմ հիշում, բայց գիտեմ» տրամաբանության վրա։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մարդու պատվին, արժանապատվությանը և հեղինակությանը։ Հանրային հեղինակություն ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գիտակցել իր խոսքի պատասխանատվությունը։

Ազատ խոսքը ժողովրդավարության հիմնասյուներից է, սակայն այն չի կարող վերածվել զրպարտության կամ քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Իսկ ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը, անկախ դրանց հեղինակից, պետք է ստանա արժանի բարոյական և, անհրաժեշտության դեպքում, նաև իրավական գնահատական»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder