Օհայոյում խեղդվողին փրկելու փորձերը ողբերգությամբ են ավարտվել
Հասարակություն
14:43 21/07/2026
Աշխարհ

Օհայոյում խեղդվողին փրկելու փորձերը ողբերգությամբ են ավարտվել

Օհայո նահանգում Սկիոտո գետում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացել է հինգ մարդ՝ երկու կին և երեք տղամարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Օ'Շոգնեսի ջրամբարի մոտ՝ Կոլումբուս քաղաքից մոտ 10 մղոն հյուսիս-արևմուտք։ Դելավեր շրջանի ոստիկանության տվյալներով՝ առնվազն յոթ հոգուց բաղկացած խումբը հանգստանում էին գետի ափին, երբ նրանցից մեկը մտել է գետ՝ լողալու։

Ոստիկանապետ Ջեֆրի Բալզերի խոսքով՝ գետում լողացողը դժվարացել է ափ դուրս գալ, ինչից հետո երկու մեծահասակ փորձել են օգնության հասնել, սակայն իրենք ևս հայտնվել են վտանգավոր իրավիճակում։ Նրանց փրկելու նպատակով գետ են մտել ևս երկու մեծահասակներ, սակայն բոլոր հինգը խեղդվել են ջրում։ Ոստիկանապետը նշել է, որ նման դեպքերը հաճախ տեղի են ունենում, երբ մարդիկ փորձում են փրկել խեղդվողին՝ չունենալով անհրաժեշտ հմտություններ։

Իշխանությունները դեպքի մասին տեղեկացել են այն բանից հետո, երբ երկու երեխաներից մեկը դուրս է վազել մոտակա ճանապարհ և կանգնեցրել անցնող ավտոմեքենան՝ հայտնելով, որ իր ընտանիքը գետում է։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ջրից դուրս են բերել երկու կանանց, սակայն նրանք մահացել են հիվանդանոցում։ Երեք տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են հաջորդ օրը։ Երկու երեխաները, որոնք 10 տարեկանից փոքր են, ժամանակավորապես հանձնվել են տեղական ընտանեկան ծառայությունների գործակալության խնամքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder