Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։
«Որոշումը կայացվել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիս Առաքելյանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթը Գյումրի քաղաքի և գյումրեցիների շահն է։
«Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է։ Այս պահին տեսնում էի, որ մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,-նշել է Առաքելյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» է եկել կենտրոնական իշխանության հետ։
Առաքելյանը վստահեցրել է, որ իր համար կարևորը ոչ թե պաշտոնն ու աթոռն են, այլ քաղաքի և քաղաքացիների շահերը։
Ավելի վաղ նա, անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելը կուլիսային պայմանավորվածությունների արդյունք է, Ավետիս Առաքելյանը հայտարարել է, որ կուլիսային համաձայնությունների մասին խոսք լինել չի կարող։