Երևանի փոխքաղաքապետի որդու ծնունդը խաթարել է երևանցիների քունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավունք
13:27 21/07/2026
Հայաստան

Երևանի փոխքաղաքապետի որդու ծնունդը խաթարել է երևանցիների քունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երևանի կենտրոնում գտնվող 14th Floor Hotel-ի տեռասայում անցկացված միջոցառման պատճառով ժամեր շարունակ խաթարվել է հարակից շենքի բնակիչների հանգիստը»,- ահազանգում է Panorama.am-ին դիմած քաղաքացին:

Քաղաքացու փոխանցմամբ՝ միջոցառումը նվիրված է եղել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի որդու՝ Գրիգոր Մադաթյանի ծննդյան տարեդարձին։ Նրա խոսքով՝ բարձր երաժշտությունն ու աղմուկը շարունակվել են նաև ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ից հետո, իսկ բնակիչները դիմել են ՆԳՆ-ին և Երևանի քաղաքապետարան, սակայն, իրենց պնդմամբ, արձագանք չեն ստացել։

«Սա առաջին դեպքը չէ։ Նույն իրավիճակը եղել է նաև անցած տարվա հուլիսի 19-ին՝ նույն անձի ծննդյան տարեդարձի ժամանակ»,- Panorama.am-ին հայտնում է քաղաքացին։

Քաղաքացին նաև պնդում է, որ 14th Floor Hotel-ը պատկանում է Սարգիս Մադաթյանի կնոջ եղբորը, որը, նրա խոսքով, նաև Երևանի Paris Hotel-ի սեփականատերն է։ Panorama.am-ը մեկնաբանության համար դիմել է Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանից հայտնեցին, որ գույքային հարցերը մասնավոր բնույթի են և չեն մտնում քաղաքապետարանի մեկնաբանության շրջանակում՝ նշելով, որ եթե Սարգիս Մադաթյանը հարկ համարի, ինքը կարձագանքի հրապարակված տեղեկություններին։

Ինչ վերաբերում է բնակիչների բարձրացրած աղմուկի խնդրին, քաղաքապետարանից նշեցին, որ եթե խոսքը վերաբերում է ժամը 23:00-ից հետո արձանագրված աղմուկին, ապա դրա նկատմամբ վերահսկողությունն ու համապատասխան ստուգումները գտնվում են տեսչական մարմինների իրավասության շրջանակում։

Panorama.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչների պարզաբանումները, եթե դրանք տրամադրվեն։

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder