ԱՄՆ-ն հայտարարում է, որ կօգտագործի սառեցված իրանական ակտիվները՝ նավերին հասցված վնասը ֆինանսավորելու համար
Քաղաքական
18:00 24/07/2026
Աշխարհ

ԱՄՆ-ն հայտարարում է, որ կօգտագործի սառեցված իրանական ակտիվները՝ նավերին հասցված վնասը ֆինանսավորելու համար

Արդեն 13-րդ գիշերն անընդմեջ ամերիկյան կողմը հարվածներ է հասցնում Իրանի տարածքին։ Վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի  հայտարարությանը` այս մասին հայտնում է BBC-ն։

Իրադարձությունները հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գտնվող իրանական ակտիվները կարող են օգտագործվել նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնասի փոխհատուցման համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ հայտարարությունը որակել էր որպես վտանգավոր նախադեպ՝ զգուշացնելով, որ նման քայլերը կարող են խորացնել լարվածությունը։

Վերջին հարվածները տեղի են ունեցել նաև այն բանից հետո, երբ Եմենի` Իրանի կողմից աջակցվող հութիները հայտարարել էին Կարմիր ծովում երկու տանկերի վրա հարձակման մասին։ Տարածաշրջանում նավագնացության անվտանգությանը սպառնացող վտանգների աճը հանգեցրել է նավթի գների կտրուկ բարձրացման․ մեկ բարելի արժեքը գերազանցել է 100 դոլարը՝ հասնելով մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են նաև երկրի հարավում գտնվող կարևոր ռազմական և առևտրային օբյեկտներում, այդ թվում՝ Բանդար Աբբաս նավահանգստում և Քեշմ կղզում, տեղի ունեցած պայթյունների մասին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ թիրախավորվել են ռազմական հրամանատարական կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, կապի ցանցեր, ափամերձ հսկողության կետեր և ծովային բազաներ ՝ նպատակ ունենալով սահմանափակել Իրանի հնարավորությունները տարածաշրջանում սպառնալու քաղաքացիական նավագնացությանը։

Միևնույն ժամանակ աճում են մտահոգությունները Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում նավագնացության անվտանգության շուրջ։

Հուլիսի 24-ին նեղուցով անցել է ընդամենը մեկ տանկեր, ինչը մայիսի 7-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

Լարվածության ֆոնին Թրամփը հայտարարել է, որ նավերին և բեռներին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներից, իսկ փոխհատուցման չափը կարող է լինել շատ զգալի։ Միաժամանակ Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է օդային տագնապի ազդանշանների միացման մասին։

Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում և 60 օրվա ընթացքում խաղաղության համաձայնագրի կնքում։ Սակայն երեք շաբաթ անց Դոնալդ Թրամփը հայտարարեց հրադադարը ավարտված՝ Հորմուզի նեղուցում տեղի ունեցած նոր միջադեպերից հետո։ Հուշագրի 11-րդ կետով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է լիովին հասանելի դարձներ Իրանի սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder