ԹԻՎ ԿԱ ԱՍՏՂԵՐԻՆ, ԹԻՎ ՉԿԱ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
Իրավունք
17:35 09/12/2006

ԹԻՎ ԿԱ ԱՍՏՂԵՐԻՆ, ԹԻՎ ՉԿԱ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ

Վերջին երեք ամիսների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 714 դիմում-բողոք, որոնցից 304-ը` գրավոր: Դրանցից 33-ը կազմում են կոլեկտիվ դիմումները, որոնք իրենց մեջ ներառում են 1612 դիմումատու: Այսօր նման վիճակագրություն ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սեմինար-քննարկման ժամանակ, որը նվիրված էր մարդու իրավունքների միջազգային օրվա 56-րդ տարեդարձին: Հիշեցնենք, որ 1950 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որը կոչ էր անում բոլոր երկրներին և շահագրգիռ կազմակերպություններին ամեն տարի դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների միջազգային օր: «Այսօր մենք մարդու իավունքների պաշտպանության առումով բավարարված չենք այն իրավիճակով, որը գոյություն ունի մեզ մոտ: Բողոքները հիմնականում վերաբերում են վատ վարչարարությանը, պաշտոնական անգործությանը, օրենքի իմաստի չըմբռնմանը կամ կամայական մեկնաբանությանը, և որ առավել վտանգավոր է, շատ դեպքերում խտրական վերաբերմունքին»,-նշեց պաշտպանը:

Ա. Հարությունյանի խոսքով, քաղաքացիների դիմումների վերաբերյալ իրենց հարցումներին շատ պաշտոնյաններ տալիս են գրավոր ձևական պատասխան, ինչն էլ փաստում է, որ վերջիններս լուրջ չեն վերաբերում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին: Պաշտպանի տեղեկացմամբ, այս առումով վատ վարչարարությամբ աչքի է ընկնում հատկապես Երևանի քաղաքապետարանը, որը իրենց ներկայացրած նամակների 90 տոկոսին տալիս է ոչ բավարար ու ձևական պատասխան: Օրերս էլ պաշտպանի գրասենյակի միջմատությամբ քաղաքապետի մի որոշում ճանաչվել է անվավեր, քանի որ հակասում էր օրենսդրությանը և խախտում քաղաքացիների սեփականության իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանը վատ վարչարարության առումով բողոքեց նաև գլխավոր դատախազությունից, ԴԱՀԿ-ի , կադաստրից ու ոստիկանությունից:

Նշենք, որ ներկայացված վիճակագրության համաձայն քաղաքացիների գերակշռող մասի բողոքները վերաբերում են հենց այս կառույցներին: Առաջին տեղում դատարաններն են, այնուհետ` ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանը (23 դիմում), արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները, մարզպետարանները, դատախազությունը և այլ մարմիններ: Քաղաքացիների հիմնական մասի պարագայում խախտվել են իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության, սոցիալական ապահովության, աշխատանքի ազատ ընտրության, հրապարակային դատական քննության և այլ իրավունքներ:

Նույն վիճակագրությունը փաստում է, որ դիմում-բողոքների հեղինակները մեծ մասամբ Երևանի բնակիչներ են` վերջին երեք ամիսների ընթացքում երևանցիներից ստացվել է 189 բողոք: Երևանին հետևում է Շիրակը` 38, հետո Լոռին` 16, Կոտայքը` 14 դիմում-նամակով:
Placeholder
ԹԻՎ ԿԱ ԱՍՏՂԵՐԻՆ, ԹԻՎ ՉԿԱ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ