«ԳՐԱՆ ՊՐԻ»-Ի ԱՐԺԱՆԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԿԼԻՆԻ՞ «ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»
Մշակույթ
17:13 14/12/2006

«ԳՐԱՆ ՊՐԻ»-Ի ԱՐԺԱՆԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԿԼԻՆԻ՞ «ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»

Քույրը գրել է երաժշտությունը, եղբայրը կատարել է գործիքավորումը, խոսքերի հեղինակը Գոհար Փամբուկչյանն է, կազմակերպչական հարցերով զբաղվել է հայրը, պրոդյուսերությունը իր վրա է վերցրել հայրենակից` վայքեցի Արամ Ավագյանը, երգը կատարեց ինքը և զբաղեցրեց առաջին տեղը, արժանանալով «Գրան պրի» մրցանակի:

Խոսքը 18-ամյա Սիլվա Հակոբյանի, օրերս Լոնդոնում կայացած BBC-ի «The next big thing» մրցույթի և «I like» երգի մասին է: Նշենք, որ բացի մրցանակից ու պատվոգրից, դրամական մրցանակ հաղթողին չի տրվելու: Երգը հնչել է միայն կենդանի կատարմամբ, այն դեռ տեսահոլավակ չունի, բայց երգչուհին ու պրոդյուսերը խոստանում են, որ անպայման կլինի: Այժմ զբաղված են առաջին ձայնասկավառակի պատրաստման հարցերով, որ կթողարկվի հաջորդ տարվա ընթացքում:

Այսօրվա ասուլիսի ժամանակ Սիլվա Հակոբյանը հայտնեց, որ մրցույթի մասին իմացել են պատահաբար` ինտերնետից, երգն ուղարկել են առանց ակնկալիքների, քչերին տեղեկացնելով այդ մասին: Սակայն մի քանի օր անց մրցույթի կազմակերպիչները տեղեկացնում են, որ հազարավոր մասնակիցներից հայազգի երգչուհին ընդգրկվել է 20 լավագույների ցանկում: Այնուհետ ինտերնետով հայտնում են, թե 4 օրից պետք է լինել Լոնդոնում, որտեղ կկայանա մրցույթը: Եվ ժյուրին, որը կազմված էր հայտնի մարդկանցից, բարձր է գնահատում Սիլվայի կատարողական արվեստն ու շնորհում առաջին մրցանակը:

Նշենք, որ այս մրցույթն անցկացվում էր առաջին անգամ, կազմակերպիչները խոստացել են, որ կլինի շարունակական, և Ս. Հակոբյանն էլ կհրավիրվի ներկա գտնվելու հաջորդ մրցույթին: Հենց Լոնդոնում մեր երգչուհուն շնորհավորել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:

Սիլվա Հակոբյանը ասում է, որ երգելը գեներով անցել է մորից, երաժշտական կրթություն առայժմ չունի, հիմա սովորում է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջի առաջին կուրսում: Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Սիլվա մասնակցել է «Ընծա» երաժտական մրցույթին և զբաղեցրել վերջին` 23-րդ տեղը: «Շնորհիվ մեր սիրելի երգիչ-երգչուհների գնահատականի: Իսկ հիմա բոլորը ժպտում են, շնորհավորում են, երևի մտածում են, էս ի՞նչ արեցինք մենք»,-նկատեց պոդյուսերը, ավելացնելով, որ հայ ժյուրին շատ խիստ վերաբերվեց երգչուհուն: Ի դեպ ժյուրիի կազմում եղել են Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Արմինկան և այլք:

BBC-ի մրցույթից հետո Սիլվան առաջարկներ ստացել է, բայց ոչ տեղական ընկերություններից ու կազմակերպություններից: Սակայն Ա. Ավագյանի կարծիքով, գործնական առաջարկների թիվը կմեծանա ձայնասկավառակի թողարկումց հետո: Հեռուստաընկերությունները, ինչպես նկատեցինք, թեման շատ չարծարծեցին, չէ՞ որ այս կամ այն հեռուստաընկերությունը նրան չէր լիազորել և ուղարկել մրցույթի, նրա վրա հսկայական գումարներ չէին ծախսվել:

Ի դեպ, Ս. Հակոբյանը չի պատրաստվում հայտ ներկայացնել «Եվրոտեսիլին» մասնակցելու համար, կարծում է` ժամանակը չէ: Այսօր տեղի ունենալիք ազգային մրցանակաբշխությանը մասնակցելու է «Տարվա հիթ» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում: Ակնկալիքների մասին նա նախընտրեց լռել. «Չգիտեմ, ինչպես կլինի»:Իսկ նրա պրոդյուսեր Ա.Ավագյանն էլ պատասխանեց հարցով, թե՝ «Չե՞ք կարծում, որ ամեն ինչ արդեն որոշված է»:
Placeholder
«ԳՐԱՆ ՊՐԻ»-Ի ԱՐԺԱՆԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԿԼԻՆԻ՞ «ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»