ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ Ա՛ՅՍ ԱՆԳԱՄ ԻՐԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԻ
Առողջություն
15:07 15/12/2006

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ Ա՛ՅՍ ԱՆԳԱՄ ԻՐԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԻ

Վաղվանից գործելու է «Դեղերի բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման» կարգը: Այդպիսով, Հայկական բժշկական ասոցիացիայում հույս ունեն, որ այսուհետ դեղերի գովազդ կոչված աղբը դուրս կգա եթերից: Այսօրվա ասուլիսում ասոցիացիայի նախագահ Պարունակ ԶԵԼՎԵՅԱՆԸ ներկայացրեց կարգի որոշ դրույթներ, ենթաօրենսդրական այդ ակտը համարելով կարեւորագույն եւ օբյեկտիվ:

«Նույնիսկ բժիշկ չլինելով հանդերձ, չտիրապետելով բժշկական տարրական տերմինոլոգիային, մարդիկ հեռուստաէկրանից բուժում են ամեն ինչ եւ կոչ են անում իրենց վրա էլ օգտագործել այդ հրաշքը»,- պատկերը ներկայացրեց Պ. Զելվեյանը:
Այդ կարգով արգելվում է դեղի գովազդն այն պարագայում, երբ դրանով սպառողին համոզում են, թե դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի թույլտվություն եւ զուրկ է կողմնակի ազդեցություններից, եւ որ այն առավել արդյունավետ է մյուս դեղերից: Կարգն արգելվում է նաեւ գովազդի ժամանակ ներկայացնել բուժման մեթոդները եւ բուժված անձանց կարծիքները:

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ բժշկության մեջ օգտագործվում են ապացուցողական բժշկության հիմունքները: Իսկ գովազդում ինչ-որ մեկը, հատկապես՝ հիվանդը, իրավասու չէ գովազդել տվյալ բուժման մեթոդը»,- հավելեց բանախոսը:
Նրանց կատարած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հեռուստա եւ ռադիո եթերից հնչող բոլոր տեսակի դեղերի գովազդներն ապօրինի են, քանզի գովազդման համար չեն ստացել առողջապահության նախարարության համապատասխան թույլտվությունը: Բանն այն է, որ «Դեղերի մասին» գործող օրենքով արգելվում է դեղը գովազդել առանց առողջապահության նախարարության թույլտվության:

Իսկ առողջապահության նախարարությունն էլ այդքան զորեղ չի գտնվել, որպեսզի անմիջապես արգելի օրենքով արգելված դեղի գովազդը: Այս կարգի կիրառման արդյունքում, փաստորեն նախարարությունն է իրավասու կարգավորել ոլորտը, եւ նախարարն պետք է իր ստորագրությամբ թույլ տա գովազդել տվյալ դեղը կամ արգելի նման գովազդը: Իսկ ի՞նչ երաշխիք ունի Պ. Զելվեյանը, որ կարծում է, թե նախարարությունը անմիջապես գործի կանցնի եւ կհետեւի, որ պահպանվեն կարգով սահմանված դրույթները, հատկապես այն պարագայում, երբ արդեն 10 տարի անզոր է գտնվել:

«Երաշխիքը մենք ենք եւ դուք: Մենք կհետեւենք եթերին եւ անօրինականության մասին կտեղեկացնենք պատկան մարմիններին»,- հարցին պատասխանեց Պ. Զելվեյանը: Նրանից հետաքրքրվեցինք` եթե հանկարծ ինչ-որ մեկը սողոսկեց եւ գովազդեց արգելված դեղը արգելված ձեւերով, ապա որո՞նք են պատժի միջոցները եւ ո՞վ է պատժելու գովազդատուին: Այս հարցին պատասխանելը Պարունակ Զելվեյանի համար դժվար էր, եւ նա մեզ ուղղորդեց նախարարություն: «Գուցե նախարարությունում կարողանա՞ն ձեզ պատասխանել»,- ասաց նա:

Placeholder
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ Ա՛ՅՍ ԱՆԳԱՄ ԻՐԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԻ