ՊՐԱԳՄԱՏԻԿ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆՆ Ու ՌՈՄԱՆՏԻԿ, ԲԱՅՑ «ԹՈւՅԼԻԿ» ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Քաղաքական
15:40 16/12/2006

ՊՐԱԳՄԱՏԻԿ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆՆ Ու ՌՈՄԱՆՏԻԿ, ԲԱՅՑ «ԹՈւՅԼԻԿ» ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

«Ցանկացած երկիր, որը Հայաստանի խնդրանքով խոչընդոտելու է Թուրքիայի` ԵՄ մտնելուն, Հայաստանից ավանս է ուզելու»,- այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում նման ապագա կանխատեսեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, մեր երկիրը դիվանագիտական քայլ պիտի անի և հանդես չպիտի գա եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության դեմ, քանի որ առնվազն Հունաստանն ու Կիպրոսը նման դիրքորոշում կորդեգրեն: Իսկ Հայաստանը ուրիշ երկրներին ներգրավելով այդ հարցում, իրեն դիվանագիտական կախվածության մեջ է դնում այդ երկրներից:

Իշխանական ճամբարի նախկին գործիչը կոչ արեց հայ-թուրքական հարաբերությունները կառուցել ոչ թե հայրենասիրական ու ռոմանտիկ ցանկությունների հիման վրա, այլ Հայաստանի շահերից ելնելով: «Հայաստանում տեսեք ինչ է ստացվում. պրագմատիզմով զբաղվում է օպոզիցիան, հեքիաթներով, ռոմանտիզմով զբաղվում է իշխանությունը»,- հայտարարեց Ա. Մանուկյանը, ավելացնելով, թե դա անոմալիա է: Առավել ևս, որ ամբողջ աշխարհում ավելի իրատես է իշխանությունը, որն իր ուսերին ամբողջ երկրի պատասխանատվությունն է կրում:

Բանախոսին հակադարձելով, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր հերթին նշեց, թե Հայաստանը ամենևին էլ առաջին գծի վրա չէ, երբ խոսքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին է: «Եթե ինչ-որ բան ասվել է, ասվել է Եվրոպայի հայ համայնքի անունից և իսկապես այնտեղի հայ համայնքը դեմ է, որ Թուրքիան մտնի ԵՄ, հավանաբար եվրոպացու և ոչ թե հայի աչքերով»,- նշեց Կ. Մանոյանը: Նա վկայակոչեց նաև անցկացված սոցիոլոգիական հարցումները, որոնց համաձայն, եվրոպացիների 60 տոկոսը դեմ է, որպեսզի Թուրքիան մտնի եվրոպական ընտանիք:

Անդրադառնալով ՀՅԴ դիրքորոշմանը, Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն հիշեցրեց 2005թ. հոկտեմբերի 3-ը, երբ Թուրքիայի ու ԵՄ միջև սկսվեցին բանակցությունները: «Թուրքիան պիտի մինչ այդ Կիպրոսի առջև բացած լիներ իր նավահանգիստները, օդանավակայանները»,- նկատեց նա, փաստելով, որ ռազմաքաղաքական հաշվարկներից ելնելով, բանակցությունները սկսվեցին առանց այդ նախապայմանի: Կ. Մանոյանը մտավախություն հայտնեց, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին` առանց բարեփոխվելու, իսկ բարեփոխվելու նախապայմանը, ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումն է: «Պատկերացրեք, որ Թուրքիան մոտավորապես իր այս ներկա վիճակով ԵՄ անդամ դառնա, կնշանակի, որ ԵՄ-ն մեր առջև ընդհանրապես փակ է»,- համոզմունք հայտնեց Հայ Դատի պատասխանատուն:

Ա. Մանուկյանի կարծիքով սակայն, դասագրքային ճշմարտություն է, որ մեր տարածաշրջանում խոշոր պետություններն իրենց շահերն ունեն, ուստի մենք դիվանագիտությունը կոռուցելիս այդ հանգամանքը պիտի հաշվի առնենք: Այնպես որ, եթե Թուրքիան մերժվի Եվրոպայի կողմից, կհայտնվի «արևելքի տեռորիստական ետամնաց դաշտում», ինչը մեզ համար ամենևին էլ ձեռնտու չէ: «Թուրքիայի բանակը այսօր քաղաքականություն թելադրող բանակ է, և մեզ համար, անշուշտ, նպաստավոր է, որ ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակը քաղաքականություն չթելադրող, հասարակական և քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող ուժ լինի»,- նշեց Ա. Մանուկյանը, ավելացնելով, որ կանխատեսելի ու քաղաքակիրթ հարևանը անհամեմատ ավելի լավն է:

Նա, իհարկե, առիթը բաց չթողեց, քննադատելու ներկայիս իշխանություններին. «Հայաստանի իշխանությունների անհեռանկար և թույլիկ քաղաքականության արդյունքում մենք այսօր գտնվում ենք մի անվտանգության համակարգում` Տաջիկստան, Ղրղզստան, Բելառուս, Ռուսաստան և այլն, որոնց հետ մենք պետական սահման չունենք»: Կ. Մանոյանն էլ նրան հիշեցրեց ՀՀՇ-ի իշխանության տարիները` ասելով, թե հայ-թուրքական սահմանը բացելու նրանց փորձը ժամանակին անհաջողության է մատնվել:

Նա իհարկե նշեց, թե շուրջ 3 տարի առաջ ևս նման փորձ եղել է, երբ նախատեսված էր Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որն այդպես էլ չկայացավ, այնպես որ, «Հայաստանը այս պարագայում մեղքի բաժին չունի»:
«Մեր իշխանության տարիներին Թուրքիայի սահմանը երեք անգամ բացվել է` Հայաստան ապրանք բերելու համար»,- հիշեցրեց ՀՀՇ վարչության փոխնախագահը, ավելացնելով, որ Թուրքիայի միջոցով մեր երկիր է ներկրվել Սիրիայից ստացված հացահատիկն ու վառելիքը, ինչպես նաև ամերիկյան մարդասիրական օգնությունը` հացահատիկը: «Որքան էլ որ Թուրքիան կողմնակալ էր դեպի մեր ազատագրական շարժումը, այնուամենայնիվ, մեր ազատագրական պատերազմի ժամանակ Թուրքիան առավելագույն չեզոքություն է պահպանել, գոնե ցուցադրաբար»,- վստահեցրեց Ա. Մանուկյանը: «Սահմանը բացվեց, որպեսզի մարդասիրական օժանդակությունը անցնի»,- իր հերթին հավաստիացրեց Կ. Մանոյանը, նշելով, որ «մեղավորը» ոչ թե իշխանությունների վարած դիվանագիտություն էր, այլ Ամերիկայի հայ համայնքի ներկայացրած պահանջները:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով էլ, Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումն սկսվել է դեռևս 1991-ից, երբ Հայաստանը ստացավ Դեմիրելի ստորագրությամբ նամակը: «Այնտեղ հետևյալ ձևակերպումը կար, որ այո, մենք ճանաչում ենք Հայաստանի անկախությունը, բայց առժամանակ չենք հաստատի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, քանի որ կան չլուծված խնդիրներ»,- նշեց թուրքագետը: Նրա խոսքով, ճանաչելով անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով, Թուրքիան օգտագործեց դա որպես մեզ վրա ճնշում գործադրելու միջոց, ավելին, ներկայիս հայ-թուրքական հարաբերությունները պարտադրված են մեր հարևանների կողմից: Ռ. Սաֆրաստյանի հավաստիացմամբ, աշխարհի երկրների 90 տոկոսի հարաբերությունները հիմնված են փոխզիջումների վրա:

«Հայաստանը, իմ կարծիքով, շատ ճիշտ քաղաքականություն է վարել հենց սկզբից` հայտարարելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար ոչ մի նախապայման չունի»,- թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը արդարացնելու փորձ արեց թուրքագետը, ավելացնելով սակայն, որ եթե Հայաստանն էլ որպես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախապայման ներկայացներ Ցեղասպանության ճանաչումը, ապա շատ երկրներ դա նորմալ կընդունեին:
Placeholder
ՊՐԱԳՄԱՏԻԿ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆՆ Ու ՌՈՄԱՆՏԻԿ, ԲԱՅՑ «ԹՈւՅԼԻԿ» ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ