ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱԾՐ Է, ԲԱՅՑ...
Առողջություն
20:47 16/12/2006

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱԾՐ Է, ԲԱՅՑ...

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, մեր երկրում հաշմանդամ երեխաների թիվը հասնում է 7777-ի, ըստ որում, նրանց 2/3-ը տղաներ են: Այսօրվա քննարկման ժամանակ նման տվյալներ վկայակոչեց առողջապահության նախարարության մայրության և երեխաների բաժնի վարիչ Կարինե Սարիբեկյանը:

Նրա հայտնած տվյալների համաձայն, հաշմանդամ երեխաների 70 տոկոսը հենաշարժողոկան բնույթի խնդիրներ ունի, իսկ 66 տոկոսը 10-15 տարեկան երեխաներն են, 11,5 տոկոսը՝ մինչև 8 տարեկաններ: Այնուհանդերձ, մանկական հաշմանդամության ցուցանիշը Հայաստանում բավականին ցածր է. 0,9 տոկոս-ը՝ երեխաների ընդհանուր թվից: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով այդ ցուցանիշը մոտավորապես 10 տոկոսի սահմաններում է: Սակայն Հայաստանի ցածր ու ինչ-որ առումով դրական ցուցանիշը առիթ չէ՝ կարծելու, թե մեզանում ամեն ինչ նորմալ է:

Քննարկման մասնակիցներից «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժնի վարիչ Գայանե Զախարյանը նկատեց, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին պետք է առավելագույնս ադապտացնել հանրային միջավայրին, նրանց վարժանքների ու կրթության միջոցով: «Այդ նկապատակը հնարավոր է իրագործել երեխայի ֆիզիկական, մտավոր, հուզական և հասարակական ներուժը բացահայտելու և առավելագույնս օգտագործելու միջոցով»,-ընդգծեց նա: Գայանե Զախարյանի խոսքով, ներկայումս հատուկ կարիքներ ունեցող երեխաների բուժումն իրականացվում է երեք փուլով՝ պոլիկլինիկական-ամբուլատոր, վերականգնողական բուժում և նեղ մասնագետ բժիշկների ներգրավմամբ կատարվող համալիր բուժում:
Placeholder
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱԾՐ Է, ԲԱՅՑ...