ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՄԻԱՅՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԸ
Առողջություն
20:26 16/12/2006

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՄԻԱՅՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԸ

Այս արտահայտությունն առաջին հայացքից տարօրինակ է թվում, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ արտահայտության հեղինակը ռուսական հայտնի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալն է: Բայց տարօրինակ է թվում միայն առաջին հայացքից: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, և լուրջ խնդիր կա, եթե նման պնդման կարիք է զգացվում, ու էլի՝ մանավանդ, որ դա ասելու անհրաժեշտությունը տեսնում է այնպիսի հեղինակություն, ինչպիսին ռուսական հայտնի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալն է:

Երեխաների հաշմանդամության և մանկամահացության ցուցանիշները մոտ երկու անգամ ավելի ցածր են այն երկրներում, որտեղ երեխաներին բուժօգնություն ցուցաբերում են հենց մանկաբույժները: Հայաստանում երեխաների հաշմանդամության խնդիրների վերաբերյալ «Բժշկական պալատ» ՀԿ նախաձեռնած այսօրվա քննարկման ժամանակ նման տեսակետ, ինչպես արդեն նշեցինք, հայտնեց մեր երկրիր այցելած ՌԴ Հասարակական պալատի առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ, հայտնի մանկական բժիշկ և մարդասեր Լեոնիդ Ռոշալը: Ավելին, նրա խոսքով, եթե վերոհիշյալ ձևակերպումը նախկինում հիպոթեզ էր, ապա այժմ փաստ է:

Լեոնիդ Ռոշալն արձանագրեց այն իրողությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև մանկաբուժության ասպարեզում համագործակցությունն սկսվել է դեռևս 1988 թվականին՝ Սպիտակի չարաղետ երկրաշարժից անմիջապես հետո: Ինչպես ինքը նշեց, այդ ողբերգությանը հաջորդեց մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմը, և երկու դեպքում էլ մեծ թվով երեխաներ տուժեցին: Հարկ է ընդգծել, որ մարդասիրության սկզբունքին հավատարիմ, Լեոնիդ Ռոշալն օգնում էր հակամարտող երկու կողմերի երեխաներին՝ անկախ նրանց ազգությունից: «Երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների անմտության համար, հատկապես՝ պատերազմի ժամանակ»,-համոզված է անվանի մանկաբույժը: Նա պատմեց, որ երկար ժամանակ է եղել Արցախում, իսկ հետո, Թբիլիսիով մեկնել է նաև Ադրբեջան: Իսկ հայրենիք՝ Ռուսաստան վերադառնալուն պես ֆիլմ է նկարել. «Պատերազմը երեխաների աչքերով», որի հիմքում Հայաստանում, ԼՂՀ-ում և Ադրբեջանում արված կադրերն են: Մանկաբույժը ոչ միայն օգնում ու բուժում էր երեխաներին, այլև զրուցում էր նրանց հետ, փորձելով հասկանալ մանուկների զգացողություններն ու զգացմունքները: «Մինչև 12 տարեկան երեխաները շատ ծանր էին տանում տեղի ունեցողը, նրանք չէին ցանկանում, որ իրենց հասակակիցները ցավ ապրեն, անկեղծորեն կարեկցում էին: Իսկ արդեն 14 տարեկան և ավելի ավագ երեխաները, գրեթե յուրաքանչյուրը, ասում էր, որ մեծանալու է և վրեժ է լուծելու իր հարազատի համար: Չնայած տարիքի նման փոքր տարբերությանը, նրանք միանգամայն տարբեր հոգեբանություն ունեին»,-անցած դաժան փորձությունները վերհիշելով պատմեց Լեոնիդ Ռոշալը:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ այնպիսի հարցի, ինչպիսին է ժողովրդի կամ բնակչության առողջության ապահովման արժեքը: Ըստ Լ.Ռոշալի, այդ խնդիրը կախված է ոչ թե տվյալ ժողովրդի հարուստ կամ աղքատ լինելու աստիճանից, այլ հոգեկերտվածքից: «Կարևորը այն է, որ ճիշտ բաշխվեն առկա միջոցները, որոնք հատկացվում են առողջապահության ոլորտին»,-ընդգծեց նա: Օրինակ, Ռուսաստանում այդ ոլորտին տրամադրվում է ՀՆԱ-ի 3 տոկոսը: Իսկ միջազգային չափանիշներով, ընդհանրապես հատկացվում է ՀՆԱ-ի 5 տոկոսը, այն էլ, դա միայն բժշկության պահպանման համար կատարվող հատկացումների տեսակարար կշիռն է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհրաժեշտ է նկատել, որ օրինակ, եկող տարվա բյուջվեով, առողջապահության ոլորտին տրամադրվելու է 47,6 միլիարդ դրամ, ինչը մեր երկրի ՀՆԱ-ի հազիվ 1,6 տոկոսն է կազմում:
Մեկնաբանություններն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ ավելորդ է մեկնաբանել:

Իսկ ինչ վերաբերում է Լեոնիդ Ռոշալին, ապա նա հիշյալ քննարկմանը մասնակցելուց բացի, նախ, այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որի արդիական հագեցվածությունը տպավորիչ ազդեցություն թողեց շատ բան տեսած բժշկի վրա: Այնուհետև, մեր երկրի անվանի հյուրին հրավիրեցին շրջելու Երևանի կոնյակի գործարանում: Այստեղ Լեոնիդ Ռոշալը հանրահայտ «Խաղաղաության տակառին» գրեց. «Շատ դժվար է հարգը պահել, իսկ այն բազմապատկելն ավելի բարդ է»,-ու ժպտացող դեմք նկարեց կամ ավելի պազ ասած՝ «սմայլիկ»: Նշենք, որ բազմաթիվ երեխաների կյանք փրկած, ահաբեկիչների ճանկերից պատանդառված բազում երեխաների ու մարդկանց ազատած Լեոնիդ Ռոշալի պատվին ու նրա անունով գործարանում կոնյակի տակառ ի պահ դրվեց:
Placeholder
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՄԻԱՅՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԸ