ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀԱՎԱՔՎԵԼ
Կրթություն, գիտություն
15:39 22/12/2006

ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀԱՎԱՔՎԵԼ

Այսօր ԵՊՀ-ում հավաքվել էին բոլոր պետական բուհերի ղեկավար ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացվել էր նախօրոք, ներկաները պետք է եղած փորձի արդյունքներից ելնելով քննարկեին կրեդիտային համակարգի ներդրման ու կիրառման հետ կապված խնդիրները և լուծման հնարավոր ուղիներ առաջարկեին: Բայց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը առիթը օգտագործեց ևս մեկ անգամ Բոլոնիայի գործընթացի դրական կողմերը ներկայացնելու համար: Նախարարը արդեն որերորդ անգամ փորձեց համոզել, որ ոչ ոք մեզ չի ստիպել միանալ գործընթացին, ոչ ոք մեզ պատրաստի դեղատոմսեր չի առաջարկում, մեր երկիրը ևս մասնակցում է դրանց պատրաստմանը և ներկաների առաջարկությունները կարող են օգնել այդ գործընթացի ճիշտ կազմակերպմանը: Լ. Մկրտչյանը ասածը հիմնավորելու համար նշեց, որ Անգլիան, Գերմանիան, ինչպես նաև եվրոպական այլ երկրները կրթության որակի ապահովման համար դեռևս որոնումների մեջ են, նրանց մոտ էլ են նմանատիպ հավաք-քննարկումներ կազմակերպվում, իսկ հռչակագրից բխող գործողությունների իրականացման վերջնաժամկետը բոլոր երկրների համար նույնն է:

Մի խոսքով, Լ. Մկրտչյանի ասածն այն էր, որ «մենք այդ գործընթացի ոչ թե մեխանիկական, այլ շինարարական մասնակիցն ենք»: Նա նաև հայտարարեց, որ եթե հանկարծ մեր երկիրը որոշեր միայնակ գնալ այս ուղիով, ապա դա մեզ համար ամենևին էլ ձեռնտու չէր լինի, քանի որ նախ և առաջ մեզանից կպահանջվեին տասնամյակներ, հետո էլ` գիտատեխնիկական մեծ ներուժ:

Լ. Մկրտչյանն այս գործընթացի առավելությունները մատնանշելուց հետո, սկսեց փնովել խորհրդային կրթական համակարգը, ինչպես նաև ԽՄ-ի փլուզումից հետո մեր կրթական համակարգում ստեղծված խառնաշփոթ իրավիճակին, սնկի պես աճող համալսարաններին ու ակադեմիաններին, ինչի հետևանքով էլ հասարակությունը վերջնականապես կորցրեց կրթության որակի նկատմամբ ունեցած վստահությունը: Ավելի քան 40 րոպե տևած բացման ելույթի ժամանակ նախարարը ընդհանուր գծերով ներկայացրեց գործընթացը, դրանից մեր ակնկալիքները, բայց ոչ մի էական բան չասաց բուն թեմայի` կրեդիտային համակարգի վերաբերյալ: Միայն նշեց, թե այսպիսով փորձում են շարժվել ժամանակի հրամայականով ու վերջում էլ զեկուցողներին կոչ արեց անդրադառնալ հատկապես այն հարցին, թե որքանով են ուսանողներն ու դասախոսները լուրջ վերաբերում այդ համակարգին:
Իրենց զեկուցումներում ԵՊՀ և ՀՊՃՀ պրոռեկտորները ևս կոնկրետ հարցերի ու խնդիրների չանդրադաձան, ավելի շատ խոսեցին իրենց արածների ու ծրագրերի մասին: Միայն երկու բառով ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ այդ համակարգի վերաբերյալ պետք է մշակվեն ու ստեղծվեն համապատասխան նորմատիվային փաստաթղթեր, պահպանվի ծրագրերի հաջորդականության տրամաբնությունը: Ռուբեն Աղգաշյանի առաջարկներն էլ զուտ տեխնիկական բնույթի էին, նրա կարծիքով, պետք է հրատարակել ուսումնամեթոդական նոր նյութեր, ուսանողների համար տպագրվել ուղեցույցներ ու տեղեկատուներ, ստեղծել խորհրդատուների ինստիտուտ, կազմակերպել կրեդիտների կուտակաման և ուսման առաջընթացի անընդհատ մոնիտորինգ և այլն: Պրոռեկտորները հայտարարեցին, որ ԵՊՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի անցնել կրեդիտային համակրգի 2008-09, իսկ ՀՃՀ-ն` 2007-08 ուսումնական տարվանից: Ավելացնենք, որ Բոլոնիայի հռչակագրից բխող գործողություններն իրականացնելու վերջնաժամկետը սահմանված է 2010 թվականը:
Placeholder
ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀԱՎԱՔՎԵԼ