ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԴՐՍԻՑ ԵՆ
Մշակույթ
15:57 23/12/2006

ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԴՐՍԻՑ ԵՆ

Հաջորդ տարին հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար բեղմնավոր է լինելու: Հունվարի 15-ից սկսած Շվեդիայում տեղի կունենա նրա կոնցերտի պրեմիերան, այնուհետ այդ ամսվա ընթացքում չորս քաղաքներում կլինեն համերգներ: Հաջորդ մեծ պրեմերիան Նյու Յորքում է՝ մարտի 27-ին, այնուհետև ապրիլին՝ Մեծ փառատոն Լոս Անջելեսում, որտեղ կոմպոզիտորի գործերը կկատարեն տարբեր երկրների նվագախմբեր: Բայց ցավալին այն է, որ բոլոր առաջարկ-պատվերները ստացվել են դրսից ու արտասահմանյան խմբերից: Բավարարվել են կոմպոզիտորի բոլոր ֆինանսական պահանջները, փոխարենը նրանք էլ պարտադրել են իրենց պայմանները: Օրինակ, Նյու Յորքում կատարվելիք գործերը երկու տարի դեռ չեն հնչելու և ձայանգրվելու Հայաստանում: Տ. Մանսուրյանը չի էլ հիշում, թե վերջին անգամ մեր նվագախմբերից կամ մշակույթի նախարարությունից ե՛րբ է գործ գրելու առաջարկ ստացել…

Վերջին անգամ նման պատվեր եղել է Խորհրդային միության տարիներին, մեծամասամբ՝ ֆիլմերի համար:
Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա այսօր կոմպոզիտորը խուսափում է դրանց համար երաժշտություն գրելուց, նախ չեն առաջարկում, իսկ եթե լինի էլ, ապա անպայման կհրաժարվի: Դա սպանում է իր մեջ եղած գործերը, այն ժամանակ ուրիշ էր, ֆիլմերի համար երաժշտություն գրելը պարտադիր ու այլընտրանք չունեցող տարբերակ էր նյութական ապահովության համար: Հիշեցնենք, որ Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել են «Կտոր մը երկինք», «Արևիկ», «Գործուղում առողջարան» ֆիլմերում:

«Հիմա գրում եմ այն, ինչ իրականում մեջս կա, դրանք բխում են իմ հոգեվիճակից»,-խոստովանեց Տ. Մանսուրյանը: Նրա խոսքով, ինքը փորձել է գրել չորս խոհական երգեր` մահվանը վերաբերող աստվածաշնչյան հատվածներ: Սակայն վերջում եկել է այն համոզմանը, որ պետք է ուղղակի գրել կոնցերտ:

Տ. Մանսուրյանը գնահատելով մեր երաժիշտներին, նշեց, որ նրանց մեջ կան լավ մասնագետներ, բայց այժմ երկրում տիրում է մի տեսակ գրամոլություն, ու բոլորը սկսել են երաժշտություն ու բանաստեղծություն գրել:
Placeholder
ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԴՐՍԻՑ ԵՆ