ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ
Իրավունք
16:34 15/02/2007

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

Դատախազության յուրաքանչյուր կոլեգիայի նիստում մշտապես ծնվում են «բեղուն» մտքեր և լրագրողների համար` թեմաներ: Վերջին` փետրվարի 2-ի նիստում դատախազության ներկայացուցիչները «նեղացան» դատարաններից ու ԴԱՀԿ-ից:

Panorama.am-ին ևս հետաքրքրեց, թե ինչու է, ըստ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, «ԴԱՀԿ ծառայությունը փորձում դուրս գալ դատախազական վերահսկողությունից»: Որոշ պարզաբանումներ խնդրեցինք ԴԱՀԿ-ից, և նրանք մեզ տրամադրեցին վիճակագրական տվյալներ, տեղեկանքներ:

Ըստ դրանց` յուրաքանչյուր եռամսյակ, կիսամյակ և տարվա արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացվել մանրամասն տեղեկանքներ, ամփոփ տեղեկատվություններ, դատախազության ուսումնասիրությունների արդյունքով կազմվել են համապատասխան տեղեկանքներ և համատեղ քննարկվել: Ու էլի շատ թվեր:

Սակայն մեր ուշադրությունը գրավեց հատկապես այն, որ դատախազության աշխատակիցների կողմից ամբողջ 2006 թվականի ընթացքում բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել ԴԱՀԿ ծառայության Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզային բաժիններում և Երևանի քաղաքային բաժնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Շենգավիթի և դատախազության հարցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժանմունքներում:

Իսկ ահա վերը նշված միջոցառումներից հետո, 08.02.07-ին Սյունիքի մարզի դատախազությունը որոշում է կայացրել ԴԱՀԿ Սյունիքի մարզի տարածքային բաժնում կրկին ստուգումներ կատարել, այս անգամ` ուսումնասիրելու պետության գույքային շահերի պաշտպանությանն առնչվող վճիռներով 2006 թվականի ընթացքում ԴԱՀԿ կողմից իրականացված միջոցառումների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Այն, որ դատախազությունը գնում է իր արդեն գնացած հետքերով, կարող է խոսել մի քանի բանի մասին. կամ` առաջին անգամ «գործը լավ չեն արել», կամ` իրենք իրենց չեն վստահում, կամ էլ` իրենց ստեղծման օրից փորձում են լայնացնել իրենց տարածքները` անընդհատ այստեղ-այնտեղ «նշումներ» անելով:
Placeholder
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ