«ՋԵՐՄՈՒԿԻ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՂՄՈՒԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»
Տնտեսություն
12:06 13/03/2007

«ՋԵՐՄՈՒԿԻ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՂՄՈՒԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը տեղյակ չէ, ջերմուկի որակը ստուգելիս ինչ չափանիշներով են առաջնորդվում: «Սա հետևանք է այն բանի, որ մեր երկրում լիարժեք հետազոտություն, լիարժեք ուսումնասիրություն դեռևս չենք կարողանում իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխնախարարը:

Նա համոզված է, որ «Ջերմուկի» շուրջ բարձրացված աղմուկը իրականությանը չի համապատասխանում: «Ջերմուկը նոր չէ, որ օգտագործվում է որպես հանքային ջուր: Այստեղ ես լուրջ կասկածներ ունեմ, որ շուկայի խնդիր կա: Դուք գիտեք, որ շուկայում մրցակցությունը թելադրում է այնպիսի պայմաններ, որ այս կամ այն արտադրանքի նկատմամբ հակագովազդ են անում»,-նշեց Ս. Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ԱՄՆ կառավարության սննդի և դեղամիջոցների գործակալությունը ամերիկացի սպառողներին տեղեկացրել է, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը խիստ վնասակար է առողջությանը, քանի որ այն իր մեջ մեծ քանակությամբ մկնդեղ է պարունակում: Արդյունքում, այսօր արդեն երեք երկիր հրաժարվել են մեր երկրից ներկրել այդ հանքային ջուրը: Փաստորեն, Ս. Ավետիսյանի համոզմամբ, դա ոչ թե ներքին, այլ արտաքին մրցակցության արդյունք է: «Հիմա չունենալով բավարար տեղեկատվություն, ես չեմ հանդգնի որևէ անուն տալ»,-ասաց փոխնախարարը, հույս հայտնելով, որ մեր պետական և հասարակակն կառույցների, ինչպես նաև արտադրողների կողմից հարցի վերաբերյալ արձագանք կլինի:

Ինչ վերաբերում է իրեն, ապա փոխնախարարը շարունակում է օգտագործել այդ հանքային ջուրը` առանց վախենալու հետևանքներից:
Placeholder
«ՋԵՐՄՈՒԿԻ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՂՄՈՒԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»