ՀՅԴ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Քաղաքական
19:10 26/03/2007

ՀՅԴ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Երեկ տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար: Սակայն հիշյալ տեղեկությունը հերքվեց Հայաստանի նախագահի նստավայրից:

Չնայած որոշ շրջանակներում կարծիք կա, թե ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար հանրապետության վարչապետի պաշտոնին կարող է նշանակվել քաղաքական գործընթացներում ակտիվորերն չներգրավված որևէ գործիչ, սակայն քաղաքական դերակատարները այս տարբերակը բացառում են:

Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով. «Ճիշտ կլիներ, որ հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնում նշանակեր հավասարակշռված և չեզոք գործչի: Բայց մեր երկրում դա հնարավոր չէ, քանի որ նման հարցերը մեր երկրում կոշտ լուծումներ են ստանում»: Նրա խոսքերով, դրանով լուծվելու է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման խնդիրը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով, դաշնակցականները կողմ են երկու սկզբունքի պահպանմանը: «Առաջինը, որը պետք է ապահովեն բոլոր կուսակցությունները, վերկուսակցական խնդիր է. Գործադիր իշխանությունը պետք է շարունակի իր անընդհատ գործունեությունը: Երկրորդ հարցն այն է, որ նոր կառավարության ձևավորումը, վարչապետի նշանակումը պետք է տեղի ունենան նախապես ունեցած քաղաքական համաձայնության հիման վրա: Այս առումով տրամաբանական է, որ վարչապետի պաշտոնը վերապահվի Հանրապետական կուսակցությանը: Մենք պատրաստ ենք պաշտպանելու Հանրապետական կուսակցության առաջադրած ցանկացած թեկնածուի: Այս առումով կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող»,- հայտարարեց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքերով, ՀՀԿ-ն ունի լայն կադրային բանկ, սակայն այս պահին խոսակցություն է գնում այն մասին, որ այդ թեկնածուն կարող է լինել Սերժ Սարգսյանը:

«Եթե լինի Սերժ Սարգսյանը, մենք կպաշտպանենք նրա թեկնածությունը»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:



Placeholder
ՀՅԴ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ