«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ՈՒ «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ
Իրավունք
14:45 02/05/2007

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ՈՒ «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ

«Ղ-Տելեկոմի» եւ «ԱրմենՏելի»` միմյանց դեմ բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթները ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կարճեց: Ինչպես նշեց զեկուցող, հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Տիգրան Խեչոյանը, մարտի 5-ին «Ղ-Տելեկոմը» դիմել էր հանձնաժողովին, նշելով, որ «ԱրմենՏելը» մարտի 1-ից «Ընկերներ եւ ընտանիք» սակագնային փաթեթից օգտվող բաժանորդներին առաջարկել է զանգահարել «ԱրմենՏելի» բջջային եւ ‎ֆ‎իքսված ցանցեր` 1 րոպեն 27 դրամ սակագնով, որը որպես խրախուսում չի առաջարկված եւ ժամկետային սահմանափակում չունի, հանդիսանում է շուկայական գների դեմպինգ եւ դրանով «ԱրմենՏելը» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը:

Իր հերթին «ԱրմենՏելի» դիմում-բողոքում նշված էր, որ «Ղ-Տելեկոմի» կողմից կատարվում են որոշ գործողություններ, որոնցով խախտվում է ազատ եւ առողջ մրցակցությունը տվյալ շուկայում: Մասնավորապես, «Ղ-Տելեկոմի» կողմից OPTIMA+ փաթեթի կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առաջարկվում են բաժանորդային վարձերի եւ զանգերի այնպիսի սակագներ, որոնք դուրս են այդ ընկերության կողմից պաշտոնապես հրապարակված սակագնային փաթեթներից:

Հարուցված վարույթների շրջանակներում մրցակից ընկերությունները ներկայացրել են պարզաբանումներ, հիմնավորումներ, անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց վերլուծությամբ զբաղվել են Հանձնաժողովի մասնագետները: Այնուհետեւ ապրիլի 28-ին «ԱրմենՏել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունները նոր դիմումներ են ներկայացրել հանձնաժողովին` հայտնելով, որ միմյանցից վերոհիշյալ վարույթների առարկաների առնչությամբ բողոքներ չունեն, որ լրացուցիչ հաշվարկների եւ վերլուծություննների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ մրցակիցների կողմից մրցակցային սահմանափակումներ չկան, եւ խնդրել են կարճել հարուցված վարչական վարույթները:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ՈՒ «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ