ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ
Քաղաքական
12:06 10/05/2007

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ

Թեև ընթացիկ քարոզարշավի ընթացքում հասարակությունը կուսակցությունների ծրագրային դրույթների շուրջ բանավեճ այդպես էլ չտեսավ, այնուամենայնիվ, որոշ քննարկումներից պարզ դարձավ որ թե ընդդիմադիր, և թե իշխանական կուսակցությունները առաջնային են համարում համակարգային բարեփոխումները, և մասնավորապես «երկրորդ սերնդի բարեփոխումների» իրականացումը:

Հայաստանի արդարադատության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկներ ունի այս առումով Հանրապետական կուսակցությունը: «Ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀՀԿ-ն ունի բարեփոխումների այլ` շատ կարևոր հատված: Դա քաղաքական բարեփոխումներն են: Մենք արձանագրում ենք հետևյալը, որ տնտեսական արդյունքները և տնտեսական բարեփոխումները շատ ավելի առաջ են անցել, քան քաղաքական բարեփոխումները: Եվ եթե հաջորդ փուլում մենք չապահովենք քաղաքական բարեփոխումները, ապա մենք անկայուն զարգացման տեմպեր կունենանք»,- հայտնեց Դավիթ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ, քաղաքական բարեփոխումները վերաբերելու են կուսակցությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությանը, ընտրական համակարգին, և առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեղական ինքնակառավարման բարեփոխմանը, որը համակարգը ուժեղացնելու և քաղաքականացնելու նպատակ է հետապնդելու:

Բարեփոխումների փաթեթում առանձնակի նշանակություն է տրվելու դատա-իրավական ոլորտին: Panorama.am-ը Արդարադատության նախարարից հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ փուլում է գտնվում դատա-իրավական բարեփոխումների գործընթացը, և արդյոք մայիսի 12-ի քվեարկության արդյունքներից անկախ այն բնականոն շարունակություն կունենա: «Եթե հիշում եք, մենք հայտարարեցինք, որ սկսում ենք երկրորդ փուլը: Երկրորդ փուլի հիմնաքարն արդեն դրված է: Դատական օրենսգիրքն արդեն ընդունված է, Դատախազության մասին նոր օրենքն ընդունված է, և այդ հիմնաքարերի վրա պետք է դրվեն հաջորդ քարերը: Դրանք դատավարական օրենքներն են, որոնք մշակվելու են մինչև տարեվերջ»,- ասաց նա, տեղեկացնելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է նոր քրեա-դատավարական, քաղաքացիական դատավարական, և հատկապես վարչական դատավարական օրենսգրքերին:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ իրենց կուսակցությունն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցել հիշյալ օրենքների մշակման աշխատանքներին:
Placeholder
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ