ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾՆ ԱՆՈՂՈՔ Է ԵՂԵԼ
Քաղաքական
15:56 18/05/2007

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾՆ ԱՆՈՂՈՔ Է ԵՂԵԼ

Հայ երկու գիտնականների` Հայկ Դեմոյանի և Արսեն Հակոբյանի աշխատությունները օրերս Մոսկվայում կայացած «20-րդ դարի վերջ-21-րդ դարի սկիզբ. ընդհանուր պատմություն» թեմայով միջազգային գիտական մրցույթում արժանացել են 1-ին և 3-րդ կարգի մրցանակների: Նշենք, որ մրցույթին ներկայացված է եղել ԱՊՀ տարբեր երկրների գիտնականների 86 աշխատություն, որից եզրափակիչ փուլ է անցել 8-ը:

Հ. Դեմոյանի մենագրությունը վերնագրված է «Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը. պատմահամեմատական վերլուծություն», իսկ Ա. Հակոբյանի գիրքը` «Հարավային Կովկաս. տարածաշրջան, պատմություն, մարդիկ»: Ա. Հակոբյանի գրքի ներկայացման ժամանակ ադրբեջանցիները պրովակացիոն հայտարարություններ են արել, փորձել են հեղինակի օգտագործած աղբյուրների հավաստիությունը կասկածի տակ դնել և հարցը տեղափոխել այլ հարթություն: «Բայց հակահարվածն անողոք էր»,-այսօրվա ասուլիսում նշեց Ա. Հակոբյանը:

Նշենք, որ եզրափակիչ փուլ անցած 8 գիտնականներից երկուսը ադրբեջանցիներ են, սակայն ադրբեջանական մամուլը ոչ մի ձևով այդ հաջողությանը չի անդրադարձել: Պատճառն այն է, որ ադրբեջանցիներն այդպիսով խուսափել են անդրադառնալ նաև հայ հեղինակների տարած հաղթանակին և ձեռնպահ մնալ նրանց աշխատությունների վերնագրերը հրապարակելուց: Սա Հ. Դեմոյանի տեսակետն է: Ի դեպ, հայ գիտնականները նշում են, որ ադրբեջանցիների աշխատություններից մեկը նվիրված է եղել Ադրբեջանի նավթի աղբյուրների մասին շտեմարան ստեղծելու հարցին, իսկ մյուսը` Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը:
Հ. Դեմոյանի համոզմամբ, իր աշխատության հաջողությունը նախ և առաջ պայմանավորված է նրանով, որ եզրահանգումներն ու գիտական տեքստը կազմվել են բացառապես չեզոք աղբյուրների հիման վրա, ինչն էլ անխոցելի է դարձել հեղինակի առաջ քաշած գիտական թեզերը: «Այս մենագրության մեջ անդրադարձ է կատարվում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ընդ որում ագրեսիվ քաղաքականությունը տրվում է միջազգային իրավունքի տեսակետից և միջազգային փաստաթղթերի հիման վրա:

Ներկայացվում են փաստեր, որոնք անհայտ են կամ քչերին են հայտնի»,-ասուլիսում նշեց Հ. Դեմոյանը:

Նա իր աշխատության մեջ փաստել է, որ պատերազմի բուն փուլում Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերել է ռազմական աջակցություն: Գիտնականը նաև ապացուցել է, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերել և հակամարտության գոտի է ներգրավել վարձկաններին: Սա, ըստ պատմաբանի, դեմ է ՄԱԿ-ի բանաձևին, որը սահմանում է, թե արգելվում է ինքնորոշման ձգտող ժողովրդի դեմ վարձկան ուժի օգտագործումը: «Սա շատ կարևոր թեզ է, որը պետք է մեր արտաքին քաղաքականությունը շրջանառության մեջ դնի»,-ընդգծեց նա:
Placeholder
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾՆ ԱՆՈՂՈՔ Է ԵՂԵԼ