ՁԵՌԱԳՐԵՐՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ
Կրթություն, գիտություն
17:35 23/05/2007

ՁԵՌԱԳՐԵՐՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն առաջիկայում նամակով կդիմի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանին և կտեղեկացնի, որ խնդրին վերջնական լուծում կտրվի կառավարությունում հարցը քննարկելուց հետո: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանից: Հիշեցնենք, որ Մատենադարանի և ամերիկյան Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջև վերջերս կնքվել է մտադրությունների հուշագիր-պայմագիր, որը վերաբերում էր ձեռագրերի թվայնացմանը: Հարցը շահարկումներից զերծ պահելու համար Մատենադարանի տնօրինությունը հուշագիրը չեղյալ հայտարարեց և հայտնեց, որ խնդիրը պետք է դրվի պետական և հասարակական լայն քննարկման:

Այսօր կրթության և գիտության նախարարությունում հրավիրած քննարկման ժամանակ Մատենադարանի տնօրինությանը հանձնարարվեց 20 օրվա ընթացքում ամբողջական փաթեթով ներկայացնել ձեռագրերի թվայնացման ծրագիր: Այդտեղ պետք է նշված լինեն թվայնացման նպատակահարմարության և իրականացման մասին առաջարկություններ: Մատենադարանում պետք է ստեղծվեն մասնագիտական աշխատանքային խմբեր թվայնացման ծրագրի իրականացման ծավալը և արժեքը ճշգրտելու համար:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարը նշեց, որ համապատասխան առաջարկության, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ ունենալու դեպքում Մատենադարանի ձեռագրերի թվայնացումը կարելի է իրականացնել նաև հայկական որևէ կազմակերպության հետ: Նշենք, որ քննարկմանը ներկա էին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, փոխտնօրեններ Արշակ Բանուչյանը և Վարդան Գրիգորյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, գիտնականներ: Քննարկմանը մասնակցում էր նաև նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Առաջիկայում այդ հարցի քննարկման նպատակով ԿԳՆ-ում կհրավիրվի ևս մեկ հանդիպում:


Placeholder
ՁԵՌԱԳՐԵՐՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ