ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է` ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Քաղաքական
13:44 27/06/2007

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է` ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

«Հայաստանի շահերի իրացումը միշտ պայմանավորված է լինելու մեր հարևանների բարի կամեցողությամբ»,- այսօր հայտարարեց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, հավելելով, որ Հայաստանը պետք է վերաիմաստավորի իր հարաբերությունները հարևան երկրների հետ: Նրա համոզմամբ, այսօր կովկասյան տարածաշրջանում ոչ թե ինտեգրացիոն գործընթացներն են առաջնային համարվում, այլ տարածաշրջանի երկրները կատաղի մրցակցություն մեջ են մտել իրենց աշխարհաքաղաքական դերի բարձրացման համար և «այս առումով Հայաստանի վիճակն այնքան էլ բարվոք չէ»:

Խ. Հարությունյանը նշեց նաև, որ այդ համատեքստում օր օրի ավելանում են բաժանարար գծերը տարածաշրջանում, որպես այդպիսիք նշելով ՎՈՒԱՄ-ի գոյությունը, կառուցվելիք Կարս-Ախալքալաք երկաթգիծը, ինչպես նաև Հայաստանը շրջանցող գազամուղն ու նավթամուղը:

ՔԴՄ նախագահի կարծիքով, Հայաստանը լինելով ցամաքային երկիր պետք է օգտվի ՄԱԿ-ի 1956 թ. կոնվենցիայի դրույթներից, որտեղ ամրագրված է, թե ցամաքային երկրներին սահմանակցող երկրները պարտավոր են չխոչնդոտել նրանց հաղորդակցական ուղիների տրամադրման հարցում: Այդ առումով «Հայաստանը կարող է և պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»:

Սրան ի պատասխան, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը բացառապես քաղաքական հարց է, ունի քաղաքական դրդապատճառներ և եթե քաղաքական որոշում կայացվի բացել սահմանը, այն ժամանակ էլ ՄԱԿ-ի փաստաթղթերում կգտնվեն համապատասխան իրավական հիմնավորումները: Հակառակ դեպքում, ոչ մի իրավական փաստաթուղթ հարցը չի լուծի:

«Իհարկե հարցը քաղաքական է, սակայն ես կարծում եմ, որ միջազգային իրավական հիմնավորումները չօգտագործելը մեծ շռայլություն է Հայաստանի համար»,- արձագանքեց Խ. Հարությունյանը: Նրա համոզմամբ, Ցեղասպանության և ԼՂ հարցերը Թուրքիայի համար առիթ են սահմանը փակ պահելու համար, իսկ իրական պատճառն այն է, որ դրանով նա փորձում է պահպանել և ընդլայնել իր դերը տարածաշրջանում:
Placeholder
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է` ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ