ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 13-ՐԴ ՀԱՅ ԿԻՆ ՀԻՎԱՆԴ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ
Առողջություն
15:18 13/07/2007

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 13-ՐԴ ՀԱՅ ԿԻՆ ՀԻՎԱՆԴ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ

«Այսօր Հայստանում յուրաքանչյուր 13-րդ կին հիվանդ է կրծքի քաղցկեղով»,- այսօր ասուլիսում ասաց Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, կինը ինչքան շուտ հետազոտվի, այնքան շուտ քաղցկեղը կհայտնաբերվի, իսկ զարգացման վաղ շրջանում այդ հիվանդությունը բուժելի է: «Եթե մի քանի տարի առաջ կանայք ավելի շատ հիվանդանում էին արգանդի քաղցկեղով, ապա այժմ նկատելի է կրծքի քաղցկեղով հիվանդությունների թվի աճ»,- նշեց Խ. Հակոբյանը: Նրա խոսքով, կինը պարտավոր է տարին մեկ անգամ հետազոտել կուրծքը, իսկ 6 ամիսը մեկ անգամ հետազոտվել գինեկոլոգի մոտ:

Այսօր արդեն, ըստ տնօրենի, Մամոգրաֆիայի կենտրոնն ունի նոր մեթոդ, որի միջոցով կարողանում է հայտնաբերել քաղցկեղի բջիջը արգանդի վրա: «Այդ մեթոդի շնորհիվ 40 կանանց մոտ քաղցկեղը հայտնաբերվել է զարգացման վաղ շրջանում և հնարավոր է եղել բուժել»,- նշեց նա, ավելացնելով, թե այդ հետազոտությունն արժե 3000 դրամ: Իսկ ամիսը երկու անգամ կենտրոնի մասնագետներն անվճար հետազոտություն են անցկացնում մարզերում` ամեն օր հետազոտելով 100-200 կնոջ: Նշենք, որ կենտրոնն իր գործունեության 10 տարիրների ընթացքում հետազոտել է 120 հազար կնոջ, որոնցից 3000-ի մոտ հայտնաբերել է կրծքի քաղցկեղ, բայց նրանցից միայն 500–ի մոտ է հիվանդությունը հայտնաբերվել վաղ փուլում և այժմ այդ կանայք բուժված են:

Placeholder
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 13-ՐԴ ՀԱՅ ԿԻՆ ՀԻՎԱՆԴ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ