ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՑԱՐՁԱԿ ՈՉԻՆՉ`ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻՆ
Տնտեսություն
13:59 27/08/2007

ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՑԱՐՁԱԿ ՈՉԻՆՉ`ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻՆ

«Դպրոցաշինությունը այս տարի աննախադեպ ծավալների է հասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նրա խոսքով, այժմ պետական բյուջեի 3,7 միլիարդ դրամի միջոցներով նորոգման փուլում են 44 դպրոցներ, որոնց մի մասում աշխատանքները ավարտվել են, մնացած մասը կավարտվեն առաջիկա երկու ամսում: Այդ նպատակով քաղաքի 10 դպրոցներում 415 միլիոն դրամի աշխատանքներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանը, 10 միլիոն դոլարի աշխատանքներ` «Լինսի» հիմնադրամը` 5 դպրոցներում և ևս 256 միլիոն դրամի աշխատանքներ` Սոցիալական ներդումերի հիմնադրամը` 11 դպրոցներում:

Ըստ Կ. Արեյանի, Կառավարության հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանը պետք է առաջիկա 2-3 տարվա համար ծրագիր կազմի, որով հանրակրթական և նախադպրոցական ողջ համակարգը պետք է ապահովվի լոկալ ջեռուցման համակարգով: «Արդեն 1,7 միլիարդ դրամի ծրագիրը պատրաստ է, որում 2008 թվականին կընգդրկվեն 60 ուսումնական հաստատություններ` 40 դպրոցներ և 20 նախադպրոցական հաստատություններ»,- ասաց նա, հավելելով, որ կառավարության մեկ այլ ծրագրով 96 միլիոն դրամի շրջանակներում գույքով պետք է ապահովվեն այն դասարանները, որտեղ կան կրտսեր և առաջին դասարանցիներ:

Անդրադառնալով դպրոցականների համազգեստների խնդրին, նա նշեց, որ քաղաքապետարանի կողմից այդ հարցում որևէ դպրոցի որևէ պարտադրանք չի եղել: Իսկ հարցին, թե այնուամենայնիվ որոշ դպրոցներում դրանք պարտադրվում են, Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց, որ դա մանկավարժական, դպրոցի ու ծնողական խորհուրդների կամավոր նախաձեռնությունն է:

Ոչ մի գերատեսչական միջամտություն չի լինելու:

Ափսոս: Գուցե և լավ է, որ դպրոցական համազգեստի պարտադրանք չկա, սակայն ափսոս, որ միջամտություն էլ չի լինելու այդ կամայական «կամավորությանը»:   

Placeholder
ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՑԱՐՁԱԿ ՈՉԻՆՉ`ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻՆ