ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԱԼ... ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մշակույթ
14:29 03/09/2007

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԱԼ... ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հիմա համատարած անճաշակություն է տիրում: Ամեն ինչի պատճառը «շոու- բիզնես» կոչվածն է: Եվ եթե արվեստը շանս ունի դառնալ շոու-բիզնես, ապա անպայման չէ հակառակը. մեր երգիչները համատարած կամ խաչքար են երգում, կամ կորցրած սեր»,-այսօր «Հայելի» լրագրողական ակումբում ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Ակումբի հյուրեր Ռուբեն Հախվերդյանն ու Աննա Մայիլյանն իրենց մտահոգություններն էին կիսում երգարվեստում «տիրող համատարած անճաշակության ու անգրագիտության վերաբերյալ»:

Ռ. Հախվերդյանի կարծիքով, այս ամենը գլոբալիզացիայի արդյունքն է, որն ավելի շատ ազդում է փոքր պետությունների վրա ու, որ ամենակարևորն է` անդրադառնում է պետության մշակույթի ու լեզվի վրա:

«Մեր մեծերից մեկն ասել է, որ մեր լեզուն է մեր հայրենիքը, իսկ եթե մենք նայենք մեր լեզվին, ուրեմն` հայրենիք չունենք: Երգը նույնպես լեզվի տարածման ու պահպանման միջոց է, իսկ այսօր մենք լավ երգ չունենք»,- նկատեց Ռ. Հախվերդյանը: Երգիչը նշեց նաև, որ մեր երգերն իրար շատ նման են ու ոչինչով չեն տարբերվում իրարից:

Երգչուհի Աննա Մայիլյանը համաձայնեց Ռ. Հախվերդյանի հետ և ավելացրեց, որ արվեստագետին սատարող է պետք, որպեսզի նա ուրիշ խնդիրների մասին չմտածի, այլ կարողանա ստեղծագործել ու նվիրվել իր աշխատանքին: Ասուլիսի հյուրերը կարծիք հայտնեցին, որ հիմա մշակույթի ասպարեզի իսկական նվիրյալները «պարտավոր են պայքարել կեղծ ու անճաշակ, համատարած սփռվող երաժշտության դեմ»:

«Արվեստում, հատկապես երգարվեստում, այսօր քաոս է տիրում: Այս խնդրով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը»,- նշեց երգչուհին: Ռ. Հախվերդյանն էլ իր հերթին ավելացրեց, որ մշակույթի ասպարեզում հենց մշակույթի նախարարությունը պիտի լինի կապող օղակ. «Այսօր, պարզ է, որ նախարարությունը չունի այնպիսի ֆունկցիա, որ կարողանա իր կամքը թելադրել պետությանը»:


Panorama.am
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԱԼ... ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ