ԺԱՆՏԱԽՏ. « ՀՍԿՎՈՂ ՎԱՐԱԿԸ» ԴԵՌ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
Առողջություն
13:00 05/09/2007

ԺԱՆՏԱԽՏ. « ՀՍԿՎՈՂ ՎԱՐԱԿԸ» ԴԵՌ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

Հանրապետության երկու մարզերում` Լոռիում և Տավուշում, հայտարարված է կարանտին, դրված են հսկիչ կետեր, որտեղ անասնաբույժները շուրջօրյա հսկողություն են սահմանում: Հսկում են, որ «աֆրիկյան ժանտախտով» վարակված խոզի միսը այդ մարզերից դուրս չբերվի:

Մեր հանրապետության խոզերի շրջանում աֆրիկյան այս հիվանդությունը տարածվել է օգոստոսի 7-ից, այն հաստատվել է ռուս և վրաց մասնագետների կողմից ու դրանից հետո, ինչպես այսօրվա ասուլիսում անասնաբուժության տեսչության պետ Գրիշա ԲԱՂՅԱՆԸ վստահեցրեց, «հանրապետությունում իրավիճակը վերահսկելի է, մեր մասնագետներն ամեն ինչ անում են, որպեսզի վիրուսը չտարածվի»: Սակայն օրերս լուր տարածվեց, թե Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող խոզաբուծական ֆերմաներից մեկում հիվանդ խոզեր են հայտնաբերել ու այնուհետև` այրել: Ի դեպ, այրել են միայն հիվանդներին, մյուս խոզերը «հսկողության տակ են»: 

«Այդտեղ վարակի կլինիկական ախտորոշումը նման է աֆրիկյան ժանտախտին: Հավանաբար վարակը փոխանցվել է սննդամթերքի միջոցով»,- հայտարարեց Բաղյանը` նշելով, որ այդ խոզերն անմիջապես ոչնչացվել են: Իսկ ինչպե՞ս են վերահսկում իրավիճակը, երբ մարզերից վիրուսն արդեն հասել է Երևան:

«Իսկ գուցե Երևանի՞ց է հասել մարզեր: Կրկնում եմ իրավիճակը լիովին վերահսկելի է»,- ի պատասխան նկատեց Բաղյանը:

Իսկ ընդհանրապես, Լոռու և Տավուշի մարզերում օգոստոսի 7-ից մինչ այժմ ոչնչացվել է 1700 գլուխ խոզ. դրանց թաղել են 3-5 մետր խորությամբ փոսերում` օգտագործելով ախտահանիչ նյութեր: Բաղյանի խոսքերով, իրենք խոզաբուծական ֆերմաներին զգուշացրել են, որ կենդանիները պահվեն փակ միջավայրում: Այստեղ միակ տուժածները փաստորեն, ինչպես միշտ, խոզատեր մարդիկ են, որոնք նշված մարզերում, իրենց կենդանիներին բացօդյա են պահում` կերակրելով խոտաբույսերով: Ինչևէ, մարդկանց պատճառված վնասի չափը, Բաղյանի վկայությամբ, պատկան մարմինները դեռ չեն ճշտել: «Կառավարությանը այդ հիվանդության դեմ պայքարի ծրագիր ենք ներկայացրել, որտեղ փոխհատուցման մասին կետ կա»,- հայտնեց անասնաբուժության պետական տեսչության պետը:

Խոզերի շրջանում տարածված «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության դեմ բուժում և որևէ դեղամիջոց չկա: Այն սովորական խոզի ժանտախտից տարբերվում է հենց նրանով, որ սովորական ժանտախտի դեպքում խոզերին պատվաստում են: Քաղաքացիներին Բաղյանը կոչ արեց չմտահոգվել և խուճապի չմատնվել, քանի որ այդ վարակի հարուցիչը մարդու օրգանիզմում չի զարգանում:
Placeholder
ԺԱՆՏԱԽՏ. « ՀՍԿՎՈՂ ՎԱՐԱԿԸ» ԴԵՌ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է