ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Առողջություն
12:37 28/09/2007

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Գյուղաբնակների 28.4 տոկոսը կարիք է ունեցել դիմելու առողջապահական հաստատություն, սակայն չի դիմել: Քաղաքներում այդ ցուցանիշը կազմում է 18 տոկոս:
«Ընտանիք» ինստիտուտի անցկացրած ընտրանքային հետազոտության արդյունքների համաձայն, ամենամեծ պատճառը առողջապահության ֆինանսական անմատչելիությունն է: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Մարուքյանի խոսքով, ով հետազոտության արդյունքների հիման վրա կատարված վերլուծության համահեղինակ է, հարցվածների 86.3 տոկոսը որպես պատճառ նշել են դրամի սղությունը, ընդ որում գյուղաբնակների դեպքում այդ ցուցանիշը հասնում է 88.3 տոկոսի: Փորձագետի կարծիքով, դա պայմանավորված է հանգամանքով, որ բուժման ծախսերին ավելանում են նաև տրանսպորտային ծախսերը:

Հարցվածներն առավել հաճախ բժշկական հաստատություն են դիմում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով: Վ. Մարուքյանը փաստեց, որ այդ պատկերը նույն է և քաղաքային, և գյուղական բնակավայրերում:
Ուշագրավ է ևս մի արդյունք: Գյուղաբնակ ընտանիքներում ոչ ոք գերազանց չի գնահատել առողջապահական հաստատությունների որակը: Պատճառը, ըստ փորձագետների, ամբուլատորիաներում դեղորայքի սահմանփակ քանակությունն է և սարքավորումների բացակայությունը:
Ուսումնասիրության հեղինակները եկել են համոզման, որ այս ոլորտում հետագա միջոցառումները պետք է լինեն սոցիալ-տնտեսական բնույթի և լինեն ԱՀՌԾ համատեքստում:

Նշենք, որ ոսումնասիրությունն անցկացվել է «Բնակչության և զարգացման ռազմավարություններ» 2005-2009 թթ ծրագրի շրջանակում, նախորդ տարվա ապրիլ-նոյեմբերին, հանրապետության ողջ տարածքում: Հետազոտությունն իրականացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ազգային վիճակագրական պետական ծառայության և «Ընտանիք» ինստիտուտի կողմից` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այս ցուցանիշները և դրանց հիման վրա արված եզրկացությունները տեղ կգտնեն «Ընտանիքի նկատմամբ պետական քաղաքականության հայեցակարգում», որի մշակման աշխատանքներն արդեն սկսված են:
Placeholder
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ