Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԵՆ»
Կրթություն, գիտություն
14:56 17/10/2007

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԵՆ»

Բոլոնյան գործընթացի շրջանակում Հայաստանի բուհական համակարգում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը: Ինչպես հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից, խորհրդակցությանը մասնակցել են կրթության և գիտության նախարարը, պետական բուհերի ռեկտորները:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման քննարկումը կարևոր է հասկանալու համար, թե բարեփոխումների առումով բուհերն ինչ տեմպերով են առաջ շարժվում, և արդյոք, բավարար հետևողականություն են ցուցաբերում այդ գործում: Նախագահը նշել է, որ տնտեսության ոլորտում հիմնարար բարեփոխումներ արդեն իսկ իրականացվել են, ինչը չի կարելի ասել կրթության, մշակույթի բնագավառի մասին, որտեղ անելիքները դեռևս շատ են:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթական միասնական դաշտ ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքին և այն երեք հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն են ուղղված բարեփոխումները` կրեդիտային համակարգի ներդրում, եռաստիճան կրթական համակարգի և որակի գնահատման համակարգի ձևավորում: Բուհերի ռեկտորները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու անելիքները:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել, որ բոլոր բուհերը համաչափորեն իրականացնեն բարեփոխումները, այլապես եթե որոշներն առաջ անցնեն, իսկ որոշները` տեղում դոփեն, գործընթացը չի կարող ցանկալի արդյունք տալ:
Խոսվել է նաև բուհերի շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդրի մասին: Այդ առումով կարևորվել է բուհական մասնագիտությունների` աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությունը:
Placeholder
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԵՆ»