ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մշակույթ
14:13 26/10/2007

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Հայաստանի թատերական գործիչների միության աշխատակազմի կառուցվածքում բավականին փոփոխություններ է կատարվել, որն ավելի ճկուն դեր է կատարելու թատերական կյանքի միջազգայնացման ասպարեզում»,-այսօրվա ասուլիսում ասաց Թատերական գործիչների միության նորընտիր նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքով, միությունում սկսվել են վերականգնման աշխատանքները: «Վերին հարկում կառուցվում է թատերական պահանջներին համապատասխան դահլիճ: Ամեն ինչ արվում է հանդիսատեսին թատրոն ձգելու ուղղությամբ»,-նշեց Հ. Ղազանչյանը: Ինչպես նշեց նորանշանակ նախագահը, թատերական կյանքում բավականին ներուժ կա, հետաքրքիր մտքերով արվեստագետներ, որոնց վրա պետք է հրավիրել թատերասերների ուշադրությունը:

Վերանորոգման աշխատանքները շարունակվում են նաև նկարիչների միության շենքում: Ասուլիսին ներկա Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, թե շատերն էին բողոքում, որ միության ցուցասրահները չեն համապատասխանում չափանիշներին: «Իրոք, այդպես է: Համագործակցելով մի կազմակերպության հետ՝ 1-2 ամսից կբացենք մեր նոր ցուցասրահները»,-ասաց Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված միությունների համակարգն ունեցել է մեծ նշանակություն մշակութային կյանքի զարգացման գործընթացում: «Խորհրդային միության փլուզումից հետո միությունները շարունակում են գոյատևել, բայց պետությունն այսօր մի կողմ է քաշված՝ չհետաքրքրվելով մշակութային կազմակերպությունների կյանքով, չի նպասում զարգացմանը»,-ասաց Կ. Աղամյանը: Ինչպես նշեց նա, նկարիչների միության ներքո են ստեղծագործել Սարյանը, Մինասը և շատ ուրիշ հայտնի հայ արվեստագետներ, ովքեր հասարակության մեջ մեծ համբավ են վայելել, որոնց շնորհիվ հայ արվեստը ժամանակին հասել է մեծ նվաճումների:
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ