ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Առողջություն
13:31 25/01/2008

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

Արփի լճի ազգային պարկի ստեղծումը հնարավորություն կտա աջակցել Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում կայուն գյուղական զարգացման գործընթացին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով, այս ծրագիրը հնարավորություն կտա տարածաշրջանում զարգացնել ամառային և ձմեռային տուրիզմի, էներգիայի արտադրության ու մի շարք այլ գործընթացների հետ կապված խնդիրները: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ ծրագրի միջոցով հնարավոր կլինի ավանդական հողի օգտագործումը դարձնել ավելի հեռանկարային ու դրանով տարածաշրջանը դարձնել ավելի գրավիչ միջազգային հանրության համար»,-նշեց Ա. Հարությունյանը:

Հայաստանում ԳԴՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հավաստմամբ, ծրագիրն երեք կարևոր կետերը վերաբերում են տարածաշրջանի ֆաունային ու ֆլորային: Դրանցին նա առանձնացրեց Շիրակի տարածաշրջանի զարգացմանն ուղղված աշխատանքները:

Բացի այս, ծրագիրը կարևորվում է նաև նրանով, որ տվյալ տարածաշրջանը հայտնի է որպես համընդհանուր ապրելավայր այնպիսի թռչունների, սողունների ու բույսերի տեսակների համար, որոնք գրանցված են միջազգային և հանրապետության Կարմիր գրքերում: Այդ տարածքում գրանցված է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից 80-85-ը բազմանում է Արփի լճի կղզիներում:

Նշենք, որ որպես տարածաշրջանային խորհրդատու խորհուրդ է ընտրվել Վայրի բնության պաշտպանության համաշխարհային հիմնադրամը (WWF): Ծրագիրն իրականացվելու է 3 տարվա ընթացքում:
Placeholder
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»