Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՍՈՒՐ Է ԿԱԽՎԱԾ»
Մշակույթ
15:29 30/01/2008

Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՍՈՒՐ Է ԿԱԽՎԱԾ»

«Պետական թատրոնների գլխին սուր կա կախված: Եթե մեկը խոսի անվանացանկային թատրոնների փակման մասին, նա ազգային մշակույթի թշնամի կհամարվի»,-այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա խոսքով, այլ երկրներում անվանացանկային թատրոնները ծաղկում են ապրում, որովհետև պետության կողմից ֆինանսավորվում են, աջակցություն են ստանում` ի տարբերություն մեր երկրի:

Այս տարի Պատանի հանդիսատեսի թատրոնում մի ներկայացում բեմադրելուց  հետո Հ. Ղազանչյանն որոշել է երկու տարի ոչ մի բան չանել, այլ` թատրոնի բեմը հանձնել երիտասարդ բեմադրիչներին:

«Երկու-երեք հոգու անուններ կարող եմ տալ, ում կարելի է վստահել, որից հետո չգիտեմ` ինչ պետք է լինի: Մենք բոլոր ժամանակներում, նաև հիմա, ունենք ինչպես դերասանների պակաս, այնպես էլ բեմադրիչների»,-ասաց Հ. Ղազանչյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու թատրոնը և կինոն նախագահի մրցանակի չարժանացան` Հ. Ղազանչյանը նշեց, որ պետական թատրոնների 90 տոկոսը բոյկոտել են և չեն մասնակցել: «Այդ մասին ոչ մեկը չի ասում, այլ միայն շեշտում են, որ մրցանակի չենք արժանացել»,-ավելացրեց թատերական գործիչների միության նախագահը: Նա սխալ է համարում այն փաստը, որ կինոն և թատրոնը մեկ հանձնաժողովով են ներկայացնում, քանի որ դրանք մշակույթի լիովին տարբեր բնագավառներ են: «Մենք նամակ ենք ուղարկել նախագահին, որ բաժանեն հանձնաժողովները: Նա մեզ վստահեցրեց, որ հաջորդ անգամ այդպես կլինի, բայց այս տարի չհասցրեցին: Միությունները պետք է մեծ դեր կատարեն հանձնաժողովների ձևավորման գործում, պետք է լինեն գործից հասկացողներ»,-նկատեց բանախոսը:
Placeholder