«ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ»
Մշակույթ
14:30 22/04/2008

«ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ»

Վերջին շրջանում Սփյուռքում գրեթե ամեն շաբաթ լույս են տեսնում ցեղասպանության մասին գրքեր: Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Փաստավավերագրական նյութերին օրեցօր միանում են գեղարվեստական նյութեր: Գեղարվեստական գրականության դերը շատ ավելի ազդեցիկ է ու տպավորիչ, քան` ակադեմիական պատմագրության, քանի որ գրականությունը խոսում է ընթերցողի հույզերի հետ»,-ասաց Լ, Անանյանը:

Նրա խոսքով, ցեղասպանությանը նվիրված գրականության հիմնական հեղինակներն օտարագիր գրողներն են՝ Գոնսալո Գուաչի և ուրիշներ: «Օտարի համար ավելի հեշտ է գրել ցեղասպանության մասին: Նրանք այդ երևույթը դիտարկում են ոչ թե կոնկրետ հայ ժողովրդի ողբերգություն, այլ` մարդկությանն ուղղված աղետ»,-նկատեց բանախոսը՝ ավելացնելով, որ նրանք ցեղասպանությունը յուրովի են ներկայացնում:
Լ. Անանյանի խոսքով, ցեղասպանության մասին գրում են նաև թուրք հեղինակները՝ Օրհան Փամուկ, Քեմալ Յաչեմիս ու ուրիշներ: «Հայ իրականության մեջ այդ թեման ևս իշխող դիրք ունի՝ ինչպես արդի, այնպես էլ սովետական շրջանում»,-ասաց Գրողների միության նախագահը: Նա նշեց, որ դեռևս հայ գրողները չեն կարողանում թոթափել ցեղասպանության բեռը ու եղեռնի ընդհանուր մթնոլորտի մեջ ապրելով՝ կողմնակի կամ օտարված աչքով գրել ազգային ողբերգության մասին:

«Նոր իրողությունների պայմաններում պետք է աշխատենք թուրքական հասարակության հետ: Փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ հարցի լուծում նախ պետք է հասնի հանրային, հասարակության գիտակցությանը, որից հետո նոր պետությունը տեր կկանգնի տվյալ հիմնախնդրին»,-ասաց Լ. Անանյանը: Նրա կարծիքով, պետք է լեզու գտնել թուրքերի հետ` երկխոսության մեջ մտնելով նաև գրականությամբ, մշակույթով:
Placeholder
«ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ»