Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴԱՌՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ»
Կրթություն, գիտություն
13:45 25/04/2008

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴԱՌՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ»

Հայաստանի համար կարևորը գիտական ներուժն է: 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այսօր այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, կառավարությունը ձգտելու է անել ամեն ինչ, որպեսզի երկրի տնտեսությունը զարգանա ճիշտ ուղիով ու պահպանվի արագ աճի տեմպը: «Համոզված եմ, որ մեր պարագայում դրան հնարավոր է հասնել միայն գիտատար տնտեսության խթանման մեր արտադրական հզորությունների արդիականացման միջոցով: 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են ու դրանք առօրյա կյանքում ամենից արագ ներդնելու կարողությունը»,-ասաց Ս. Սարգսյանը:

Նախագահը ևս մեկ անգամ շեշտեց գիտության ոլորտի զարգացման կարևորությունն ու նշեց, որ 2007 թվականն այս առումով նշանավորվեց, քանի որ կառավարությունը հաստատեց գիտության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագիր: Նրա հավաստմամբ, արդեն իսկ ձևավորվել է գիտության պետական կոմիտեն և ըստ նախագահի, ակնկալվում է, որ պետական կառավարման այս օղակի ուժեղացումը գիտության ոլորտի հիմնախնդիրների առավել արդյունավետ լուծման առումով պետք է զգալի արդյունք տա: Սրան որպես ապացույց, նախագահը նշեց, որ այս տարի շուրջ 18 %-ով ավելացել է գիտության բյուջետային ֆինանսավորումը: Բացի այդ, նա նշեց, որ կրկնապատկվել է գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների չափն ու 50 %-ով ավելացել է թեմատիկ ֆինանսավորման միջին աշխատավարձի ֆոնդը:

Նշենք, որ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը նշեց, որ հետզհետե ավելանալու են գիտության ուղղված միջոցների ծավալը: Սակայն որպեսզի կառավարությունը կարողանա շարունակել լուծել գիտության նյութատեխնիկական խնդիրները, ըստ նախագահի, ԳԱԱ անդամները նույնպես պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն` մասնավորապես համակարգի արդիականացման, որակի հսկողության համակարգի ներդրման առումով: «Դուք պետք է փարատեք հոռետեսների այն կանխատեսումները, որ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը չի բերելու շոշափելի անմիջական արդյունքների»,-նշեց Ս. Սարգսյանը:
Placeholder
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴԱՌՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ»