ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
14:32 21/07/2008

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արևելագիտության ինստիտուտի, Նարեկացի արվեստի միության, «Երկիր» ՀԿ-ն միության, «Բագարան» ՀԿ-ն և Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող ՀԿ-ն կողմից այսօրվանից մինչև հուլիսի 27-ը Երևանում անցկացվելու է համշենահայերի շաբաթ: Այս մասին ասուլիսում հայտնեց արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Շավաթվա ընթացքում տեղի է ունենալու Համշենի պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդես, որին հաջորդելու է համշենահայկական «Վովա» ազգագրական խմբի համերգը, «Համշեն և համշենահայություն. պատմություն և մշակույթ» թեմայով գիտաժողով: «Առաջին անգամ է Հայաստանում նման գիտաժողով անցկացվում, որի հիմնական նպատակն է գիտական, հասարակական լայն շրջանակներին տեղյակ պահել մահմեդականացված հայերի` համշենահայերի մասին»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը: Նրա խոսքով, այս խնդիրը վերջին տարիներին լուրջ գիտական ուշադրության է արժանանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Խնդրի ուսումնասիրումը թուրքագետը կարևոր է համարում, քանի որ հայ ժողովրդի մի հատված, որը հարյուրամյակներ շարունակ ընդունել է մահմեդականություն, բայց նրանց պահպանած էթնիկ առանձնահատկությունները հնարավորություն են տալիս բնորոշել նրանց որպես հայ ժողովրդի մի մաս:

«Գիտաժողովը միջազգային է` հրավիրելով մասնագետներ Թուրքիայից, Ռուսաստանից, որոնք արդեն ընդունել են մեր հրավերը»,-նշեց բանախոսը: Ըստ նրա, Թուրքիայում նույնպես վերջին ժամանակներում սկսել են ինտենսիվ ուսումնասիրել համշենահայերին որպես երևույթ: Թուրք գիտնականների մոտեցումները հայերի համար ընդունելի չեն, բայց կարևոր է նաև թուրք մասնագետների կարծիքները: Ըստ թուրք գիտնականների, Անատոլիայում ապրում են այլ ժողովուրդներ, այդ թվում համշենահայեր` նրանց համարելով թուրքական ցեղերի ներկայացուցիչներ:

«Գիտաժողովն ունենալու է նաև ճանաչողական նշանակություն: Ուսումնասիրելով համշենահայերին` մենք մեզ ավելի լավ կճանաչենք, կհասկանանք մեր հայությունը, կկարողանանք ընկալել, որ մեկ ժողովուրդ ենք»,-ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, համենահայերը, ընդունելով մահմեդականությունը, կարողացել են այդ միջավայրում ինչ-որ չափով պահել իրենց ինքնությունը. նրանք իրենց ավելի շատ հայ են համարում, քան մահմեդական:

«Ավելի շատ իրենց մահմեդական են համարում այժմ Թուրքիայի տարածքում բնակվող համշենցիները»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա «Երկիր» ՀԿ-ն միության նախագահ Սևակ Արծրունին նշեց, որ համշենահայերի մի մասը չգիտի, որ իրենք հայ են, մի մասն իրեն հայ է համարում, իսկ մի մասն էլ վախենում է թուրքերից` իրենց հայ անվանելու համար:
Համշենահայերին Հայաստան հրավիրելու հիմնական նպատակը մշակութային փոխճանաչմումն ապահովելն է: Երևան եկող համշենահայերի պատվիրակության մեջ ընդգրկված է 15 մարդ` մեկ համշենահայ գիտնական, մեկ թուրք գիտնական, «Վովա» ազգագրական խումբը` 8 հոգի, մնացածն ուղղակի պատվիրակության անդամներ են:

Հիշեցնենք, որ պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի գավառներից շուրջ 12 հազար հայ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների և մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Սև ծովի հարավ-արևելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Որտեղ էլ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը:

Այսօր Թուրքիայում համշենահայերի երկու կենտրոն կա, նաև մեծ թվով համշենահայեր բնակվում են Սևծովյան շրջանում: Տարբեր հաշվումներով նրանց թվաքանակը կազմում է 100 հազարից մինչև 1,5 մլն մարդ:
Placeholder
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ