ԿՐԹԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԿԵՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՃԱԽ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ
Կրթություն, գիտություն
15:05 17/10/2008

ԿՐԹԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԿԵՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՃԱԽ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ

Այն, որ բուհական ընդունելության քննությունների հարցաշարերում դիմորդները հիմնականում չեն կարողանում պատասխանել տրամաբանական հարցերի, որպես փաստ բազմաթիվ անգամներ նշել է նաև կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը: Սակայն այն, որ երեխայի տրամաբանության զարգացմանը խթանող «մեծ» քայլեր չեն արվում, դա էլ է փաստ:

Այսպես: Ինչպես ավելի վաղ Panorama.am-ին ասել է ԿԳ նախարարի մամուլի քարտուղարը, նախորդ տարվանից կիրառվող թեստային նոր համակարգը ստեղծված է «հենց դրա համար»:

Սակայն.
Դպրոցներին ուսումնական ամեն տարվա սկզբին տրվում է ուսումնական պլան, ծրագիր, գնահատականների չափորոշիչներ, որոնք յուրաքանչյուր տարի ենթարկվում են փոփոխությունների` կապված տվյալ առարկայի դասագիրքը փոփոխվել է, թե ոչ, կամ դասագրքում ինչ-որ թեմաներ փոփոխվել են, թե ոչ: Այս մասին Panorama.am-ին ասաց Երևանի 71-րդ դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը: Փորձեցինք պարզել, թե արդյոք գնահատականների չափորոշիչներում նշված են աշակերտի տրամաբանության համար հատուկ գնահատման նիշ: Պարզվեց` ոչ:

Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրին, ըստ որի տվյալ դասարանի երեխան տարեվերջում պետք է իմանա կոնկրետ, հստակ սահմանված գիտելիքներ, ապա Երևանի 35-րդ, 71-րդ, 85-րդ դպրոցի տնօրենները հաստատեցին, որ իրենք դրանով էլ առաջնորդվում են:

Նրանք նշեցին, որ վերջին մի քանի տարիների ընթացքում սկսել են մեծ ուշադրություն դարձնել աշակերտների տրամաբանության զարգացմանը, որի համար տարբեր դասաժամերին անցկացնում են տրամաբանական խաղեր, տրվում են տրամաբանության զարգացմանը խթանող հարցեր: «Այդ ամենն արդեն կախված է ուսուցչի պրոֆեսիոնալիզմից` թե ինչ մեթոդներով կարող է նպաստել երեխայի տրամաբանության զարգացմանը»,-ասաց 71-րդ դպրոցի տնօրենը:

Պարզեցինք նաև, որ եթե երեխան տվյալ հանձնարարությունը կատարել է անթերի, որի համար պետք է ստանա 20 միավոր, սակայն, եթե ուսուցչի կողմից տրված տրամաբանական հարցին չի պատասխանում, ոչ բոլոր դեպքերում է նրա գնահատականը իջնում: Այսինքն` նաև իջեցվում է: Սա է կարևոր:

Փաստորեն, դա արդեն կախված է ուսուցչի հայեցողությունից` իջեցնել երեխայի գնահատականը, թե ոչ: Իսկ դա էլ արդեն երեխայի իրավունքի խախտում է, քանի որ գնահատականների չափորոշիչներում այդպիսի կետ չկա:

«Տաս բալանի համակարգը մի փոքր հեշտացնում է ուսուցչի գործը, քանի որ տրամաբանական մի հարցի չպատասխանելու դեպքում կարելի է մեկ բալ իջեցնել` «իննը», ինչը կրկին «հինգ» է ու չի ընկճում երեխային, իսկ հինգ բալանի համակարգի դեպքում` մեկ հարցի չպատասխանելով ու «չորս» գնահատականը ստանալով` հիասթափեցնում էր երեխային»,-բացատրեց Գ. Դեմիրյանը:

Այսինքն, այս բացը փորձում են լրացնել 10 բալանի համակարգով: Սա` եթե ուզում են «բացը լրացնել». Սակայն նման «սողանցքների» առկայությամբ, կարելի է հեշտությամբ է և թեթև ձեռքով «տրամաբանախեղդ» անել ցանկացածին` մանավանդ, որ տրամաբանություն զարգացնելու պահանջը կա վերևից, իսկ տրամաբանություն «վերահսկելու» գործիքները` չկան:
Placeholder
ԿՐԹԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԿԵՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՃԱԽ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ