ԴԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՓԱՐԱՏԻ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ
Տնտեսություն
11:25 24/02/2009

ԴԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՓԱՐԱՏԻ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն` Լ. Հարությունյանը, տարածել է հայտարարություն, որով կրկին հիշեցնում է, որ «Բջնի»- ի գույքի աճուրդը կայացել է օրենքի կոպիտ խախտումներով:

««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:

Ընկերությունը լուրջ կասկածներ ունի նաև հարկադիր կատարողների կողմից վերոհիշյալ պայմանների պահպանման կապակցությամբ: Այդ իսկ պատճառով Ընկերությունը 20.02.2009թ. պաշտոնապես դիմել է ԴԱՀԿ ծառայությանը խնդրելով տրամադրել կատարողական վարույթի բոլոր նյութերի պատճենները` հանձնման-ընդունման ակտով: Առ այսօր որևէ պատասխան Ընկերությունը չի ստացել և Ընկերությունը համոզված է, որ բավականին երկար ժամանակ ԴԱՀԿ ծառայությունը ձգելու է այդ փաստաթղթերի տրամադրումը:

«ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն հարկադիր կատարողն իր կողմից ընդունված որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին: Ի խախտումն այս նորմի հարկադիր կատարողը որոշումներն ուղարկում է ուշացումով: Օրինակ, 2008թ. նոյեմբերին ընդունված հարկադիր կատարողների խումբ ձևավորելու մասին որոշումը հանձնվել է Ընկերությանը միայն 2009թ. փետրվարին, ընդ որում դիմելուց հետո:

Այս գործելակերպը հիմք է տալիս կարծելու, որ կամ հարկադիր կատարողը չի տիրապետում իր գործունեությունը կարգավորող օրենքի պահանջին, կամ համապատասխան որոշումները և փաստաթղթերը վարույթում է տեղադրում հետագայում` հետին ամսաթվով, կամ էլ լինելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ուղղակի հսկողության ներքո յուրաքանչյուր նույնիսկ աննշան գործողություն կատարելուց առաջ թույլտվություն է հայցում: Ակնկալում ենք, որ ԴԱՀԿ ծառայությունն այս հայտարարությանը հրապարակավ ծանոթանալուց հետո, կշտապի փարատելու մեր կասկածները, տրամադրելով կատարողական վարույթի բոլոր նյութերի պատճենները (ներառյալ` աճուրդի կազմակերպման հետ կապված նախավճարի, հիմնական վճարի և պայմանագրի պատճենները)»,- ասված է հայտարարության մեջ:
Placeholder
ԴԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՓԱՐԱՏԻ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ