«ՄԱՐՏԻ 1»-Ի... ԴԱՍԵ՞ՐԸ
Քաղաքական
11:53 01/03/2009

«ՄԱՐՏԻ 1»-Ի... ԴԱՍԵ՞ՐԸ

Այսօր մարտի 1-ն է` գարնան առաջին օրը: Այլ պայմաններում այս օրը կարող էր դառնալ գարնանամուտի, սիրո, նոր արարումների, նոր սկզբի, ստեղծման օր, ինչպես և էր: Սակայն ոչ այստեղ` Հայաստանում, և ոչ այժմ` 2009-ին:

2008 թվականի մարտի 1-ի հայտնի ու ցավոտ դեպքերից անցել է ուղիղ մեկ տարի: Այսօր կարելի՞ է գնահատել տեղի ունեցածը, տալ դրա պատճառներն ու հետևանքները: Կարծում ենք` ոչ: Ու թեև անկարելի է ամբողջական գնահատական տալ «Մարտի 1»-ին, բայց և` այն քննվում է, խոսվում է, փնտրվում են մեղավորներ, գտնվում են… Դասեր տալիս ենք-առնում ենք:
«Մարտի 1»-ի դասերը կարևոր են առաջին հերթին սխալները հասկանալու և դրանց կրկնությունից խուսափելու համար: Ի դեպ` հենց այս հանգամանքից էլ կախված կլինի`ինչ նշանակություն են ունեցել ցավալի իրադարձությունները մեր ժողովրդի ու պետության պատմության մեջ:

Տեղի ունեցածը դիտարկել տարբեր չափումներում` քաղաքականը տարանջատելով ոչ քաղաքականից: Անդրադարձը լինելու է մակերեսային, ընդհանրական, որովհետև ինչպես վերը նշեցինք` այն ամբողջությամբ մարսելու համար ժամանակ է պետք: Կարծում ենք, ստորև ներկայացվելիք դատողություններից յուրաքանչյուրը հետագայում կարող է դառնալ հետազոտության թեմայի նյութ:

Եվ այսպես` ի՞նչ ունեցանք մենք 2008 թվականի մարտի 1-ին լույս 2-ի գիշերը: Մայրաքաղաք Երևանում իրավապահներն ու քաղաքացիների հոծ բազմությունը դուրս եկան դեմ առ դեմ, եղան բախումներ, ինչի արդյունքում գրանցվեց 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, նյութական զգալի կորուստներ, իրավունքների սահմանափակումներ և մեծ հիասթափության, անորոշության զգացում ու շոկ: Տեղի ունեցածի մեջ «քաղաքականի» բաղադրիչը վճռորոշ էր, բայց գլխավորը չէր: ճիշտ է, «Մարտի 1»-ը տեղի ունեցավ հետընտրական զարգացումների համատեքստում, բայց կարծում ենք «քաղաքականն» այս հարցում գլխավորը չէր: Գլխավորն պատճառներն այլ` սոցիալական, հասարակական հարթության վրա էին: Իսկ քաղաքականն ընդամենն այն «կանալն» էր, որ խտացրեց ու ուղղորդեց այն: Ինչ խոսք տեղի ունեցածը չէր լինի, եթե քաղաքական դերակատարները գիտակցաբար ստիմուլ չտային ու չուղղորդեին հասարակական տրամադրություններին:

Իսկ ինչո՞ւ է հասարակությունը կամ դրա մի մասը թույլ տալիս «օգատգործել» իրեն: Այս առումով, կարծում ենք, Հայաստանն այլևս լուրջ (բայց` ցավալի) փորձ ունի, որից դասեր չքաղելը պարզապես աններելի կլիներ: Հասարակության ներսում կան սոցիալական, մշակութային, տնտեսական բավականին սուր հարցադրումներ ու խնդիրներ (ինչպես ցանկացած հասարակության պարագայում), սակայն դրանց լուծման մեխանիզմների անկատարությունը կամ ընդհանրապես բացակայությունը հանգեցնում են խնդիրների կուտակման: Իսկ պատմական զարգացումների օրինաչափությունները վկայում են, որ դրանք հասարակության ներսում մնալու կամ մարելու հատկություն չունեն, ընդհակառակը` որոշակի պայմաններում դրանք շատ կոշտ արտահայտում են ունենում` հաճախ տարերայնորեն, անկազմակերպ ու, որպես կանոն, ծանր հետևանքներով: Փորձը վկայում է, որ Հայաստանում նմանօրինակ հուզումները համընկնում են ընտրական ցիկլի հետ: Թերևս քչերը կհակադրվեն այն պնդմանը, որ 1996-ի սեպտեմբերին, 2004-ի ապրիլին, 2008-ի մարտին Երևանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց հիմքում մեծ մասամբ սոցիալական դրդապատճառներ ունեին: Հետևաբար այդօրինակ զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ ի վերջո ստեղծվեն այն ինստիտուտներն ու մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն քաղաքացիների խնդիրների լուծումը կամ մարեն լուծումների բացակայությունից առաջացած դժգոհությունը: Հակառակ պարագայում Հայաստանին սպառնում է վերածվել լատինաամերիկյան երկրի, որտեղ սոցիալական բունտն այլևս կոնստանտ է դառնալու:

Նախորդ տարվա մարտյան իրադարձությունների դասերն ընկալելու և նմանօրինակ զարգացումները կանխելու համար պետության ձեռնարկած քայլերն ու քաղաքական դերակատարների վարքն անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման են: Այս հարցում լուրջ դերակատարություն ունի ինքը` հասարակությունը և դրա առանձին մասնիկները` անհատ քաղաքացիները: Կարծում ենք, «Մարտի 1»-ն իր ցավալի ու ողբերգական հետևանքներով հանդերձ լուրջ ինդիկատոր էր մեր հասարակության արժեքային համակարգը, ընկալումները, աշխարհայացքը, մարտահրավերներին դիմակայելու ունակություններն ու հնարավորությունները պարզելու համար:

Անցած մեկ տարին և դրա ընթացքում գրանցված իրողություններն ու հարցադրումներն այս առումով լավատեսության առիթ չեն տալիս: Այսօր` հայտնի իրադարձություններից մեկ տարի անց, հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխան դեռ չի ստացել: Ընդ որում պատասխան չի ստացել ոչ միայն տեղի ունեցածի մեղավորների բացահայտման ու պատասխանատվության կանչման, ֆորմալ, պրոցեդուրային բնույթի հարցերում: Պատասխանները բացակայում են նաև արժեքայինի, հոգևորի հարթությունում. Մեկ տարվա ընթացքում բազմիցս խոսվեց զոհերի մասին, քաղաքական տարբեր ճամբարներն օգտագործեցին, շահարկեցին այդ «հանգամանքը», բայց որդեկորույս մոր, որբացած մանկան ցավը հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ: Մահը, սպանության փաստն ինքնին մեր հասարակության մեջ չդատապարտվեց այն աստիճան, որ երաշխիքներ ստեղծվեր դրանց կրկնությունը բացառելու համար: Այս իրադարձություններից հետո, կարծես թե, ոչ հասարակության մոտ, ոչ էլիտաների պարագայում չսահմանվեց ու չբյուրեղացավ աստվածաշնչյան հայտնի տաբուն` «մի սպանիր»:

Սա կլիներ, եթե նրանք, ովքեր ցավ էին ապրում, այդ բանն անկեղծ անեին ու անեին իրենց տրված շնորհի կամ կարգավիճակի սահմաններում, և չփորձեին խաղալ այլ դաշտերում. երգիչն` իր երգով, գրողն` իր երկով, նկարիչը` կտավով, դատավորը` վճիռով, պատգամավորն` օրենքով և այսպես շարունակ: Իմ և շատերի նման հասարակ ու շարքային քաղաքացիներն էլ պետք է այցելեին եկեղեցի ու մի մոմ վառեին: Մեզանում մինչդեռ այս «դերերը» խառնված են` վճիռը կայացնում է քաղաքացին, ճառը կարդում է մտավորականը, մոմն էլ հրապարակում է վառվում: Այսպիսին է մեր իրականությունը: Եվ եթե այն չփոխվի, չենք կարող խոսել «մարտի 1»-ի կրկնությունից խուսափելու երաշխիքների մասին` որքան էլ այդ ուղղությամբ իշխանություններն, անգամ ընդդիմությունը ջանքեր գործադրեն:
Placeholder
«ՄԱՐՏԻ 1»-Ի... ԴԱՍԵ՞ՐԸ