ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԵԿՈՒՄ ՉԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ` ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
Քաղաքական
17:40 03/06/2009

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԵԿՈՒՄ ՉԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ` ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ

Առաջիկա օրերին սպասվում է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում հերթական հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև:

Հիշյալ իրողությունը տեղեկատվական առիթ է դարձել Ղարաբաղյան կարգավորման թեմատիկայի հերթական` վերջին տարիների համար արդեն սովորական ակտիվացման համար: Տեղեկատվական ակտիվություն, որը, բնականաբար, ուղղորդվում է համանախագահների լավատեսական ու դրական սպասումներ ենթադրող հայտարարություններով, ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայկական դրևորումներով (այսօր ադրբեջանցիները հայտնաբերել են հերթական կայքը` Deutsche Welle, որտեղ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է առանձին ու որոշել են նամակների տարափ տեղալ «գերմանական ալիքի» խմբագիրներին հասցեին), պաշտոնական Բաքվի իրարամերժ հայտարարություններով, ինչպես նաև` հայկական կողմի չափավոր լավատեսությամբ, բայց և` հակառակորդի կողմից կառուցողական քայլերի բացակայության փաստի հիշատակմամբ:

Այս ամենի մեջ առանձնանում է հերթական հանդիպումից առաջ սովորական հարցադրումը` կլինի՞ բեկում: Մանավանդ` վերջին, Պրահայում կայացած հանդիպումից հետո, համանախագահները նման բան էին կանխատեսում: Միանգամից նշենք` ՈՉ ՄԻ ԲԵԿՈՒՄ ԷԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Դրա համար չկա որևէ նախադրյալ: Պարզաբանենք:

Ղարաբաղյան կարգավորման հարցում բեկում արձանագրելու` խնդիրը կարգավորելու համար, ոչ թե լուծման տարբերակ է պետք, որն, իբր, որոնվում է, այլ` նախադրյալներ (տարբերակները չափազանց փոքրաթիվ են և, ըստ էության, հասցրել են քննարկվել կողմերի միջև բանակցությունների ընթացքում):

Նախադրյալները կարող են մեծ հաշվով լինել երկուսը. Ա) երբ կողմերը քաղաքական կամք են ցուցաբերում և, անկախ միջնորդների մոտեցումներից, համաձայնություն են ձեռք բերում ինչ-որ տարբերակի շուրջ, Բ) երբ միջնորդները (այս դեպքում հասկանալ` գերտերությունները) միմյանց միջև համաձայնություն են ձեռք բերում տարածաշրջանում կոնֆիգուրացիայի շուրջ և, ըստ այդմ` անհրաժեշտ ճնշում են բանեցնում կողմերի վրա և պարտադրում իրենց ցանկալի լուծումը (ինչպես Դեյթոնի կամ Քեմպ-Դեյվիդի համաձայնությունները` համապատասխանաբար Հարավսլավիայի և արաբա-իսրայելական հակամարտության դեպքում):

Առաջին տարբերակի դեպքում, կարծում ենք, պատասխանն ակնհայտ է: Կողմերը պատրաստ չեն սեփական կամքով խնդիրը լուծելուն: Այդ մասին պարզապես վկայում է ներքին լսարանում կողմերի ցուցաբերած անզիջում, կոշտ հռետորաբանությունը: Օրինակ` ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ է հետևողական ռազմատենչ հայտարարությունների հեղինակ Իլհամ Ալիևը սեփական նախաձեռնությամբ զիջումների գնալու: Իհարկե` ոչ: Այսինքն` հնարավոր բեկման այս ուղին հաշվից դուրս է:

Մնում է երկրորդ` արտաքին ճնշման տարբերակը: Արդբեջանա-թուրքական քարոզչությունը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվորեն շրջանառում էր թեզ, թե ուր որ է, միջազգային հանրությունը` միջնորդները, ճնշում են բանեցնելու հակամարտության արդարացի լուծման համար: Իհարկե, վատ չէր լինի, որ միջազգային հանրությունն, ի վերջո, ճնշում բանեցներ հարևան Ադրբեջանի վրա` բացատրելով, որ խնդրի արդարացի լուծման համար, անհրաժեշտ է առնվազն պարկեշտ լինել, հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, սպառնալից բնույթի հայտարարություններ չտեղալ (և’ հայկական կողմի, և’ միջնորդների հասեցին), և ամեն մի պատեհ առիթով չվազվզել այս ամբիոնից այն ամբիոն` իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով ու պնդումներով: Սա մինչ օրս չարվեց, սակայն դրա փոխարեն միջնորդները գոնե համարձակություն ունեցան այս փուլում Անկարային հիշեցնելու, որ, ի հեճուկս սեփական ցանկությունների, հակամարտությունն իրեն բացարձակ չի վերաբերում և նրա ավելորդ ակտիվությունը միայն խոչընդոտում է առաջընթացին: Այդ բանն անելու համար, ինչպես գիտենք, Բեռնար Ֆասիեն անձամբ մեկնեց Անկարա, իսկ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը համապատասխան բովանդակությամբ հայտարարություն տարածեց: Ինչևէ: Այսքանը` քարոզչության ոլորտից:

Այժմ անդրադառնանք տարածաշրջանում առկա իրավիճակին և այդ համատեքստում գերտերությունների կողմից Ղարաբաղյան հարցի լուծման նպատակով ճնշումների հնարավորությանը: Ճիշտ է` թեև միջնորդները հրապարակավ հայտարարում են իրենց երկրների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունեցած միանման մոտեցումների մասին, սակայն սա չի նշանակում, որ նրանք համամիտ են նաև տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությանն ու ուժերի վերադասավորությանը: Ավելին` նրանք այս հարցում վստահաբար տարբեր մոտեցումներ ունեն, ինչն էլ նշանակում է, որ նրանց կողմից համակարգված միասնական ճնշումներն այս փուլում բացառվում են: Որո՞նք են պատճառները:

Նախ` Հարավային Կովկասում, հասկանալի պատճառներով, ներքաղաքական բնույթի լուրջ խնդիրներ կան: Հիշեցնենք, որ բոլոր երեք երկրներին նվիրված հարցերը ընդգրկված են ԵԽԽՎ օրակարգում և քննարկվելու են հենց այս ամսին կայանալիք Վեհաժողովի ամառային նստաշրջանում: Չենք կարծում, որ նման պայմաններում (որն ինչ-որ առումով տարածաշրջանին անկայունություն հաղորդելու ռեսուրս է պարունակում, հատկապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի պատճառով) միջազգային հանրությունը կփորձի մեկ այլ հարցի կիրարկմամբ ավելի բարդացնել տարածաշրջանի քաղաքական պրոցեսները: Միակողմանի փորձեր հնարավոր են, բայց ճնշման համատեղ ջանքեր` ոչ:

Մյուս գործոնը վերաբերում է տարածաշրջանի խնդիրներին: Դժվար չէ կռահել, որ մեծ տերությունների հաշվարկում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն առանձին չի դիտարկվում: Ավելին` օրինակ, ԱՄՆ-ի պարագայում, այն դիտարկվում է «Մեծ Մերձավոր Արևելք» նախաձեռնության շրջանակներում, և այս համատեքստում Ղարաբաղի հարցում համաձայնությունը ենթադրում է բազմաթիվ այլ էլեմենտների շուրջ համաձայնություն: Թուրքիա, Իրաք, Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Ադրբեջանի աշխարհաքաղաքական կողմնորոշում, էներգակիրների տարանցման ուղիներ և մի շարք այլ հիմնախնդիրներ էականորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ («միջազգային հանրություն» կոչվածի ընկալման տեսանկյունից), սակայն դրանց լուծումների բացակայությունը, գոնե այսօր անհնարին է դարձնում նաև գերտերությունների կենտրոնացված ճնշման հնարավորությունը:

Ավելին` նշենք, որ այդ բանն անհնար է հատկապես այսօր, երբ տարածաշրջանի ապագան` այս պահի դրությամբ, խիստ անորոշ է, քանի որ տակավին հայտնի չէ, թե ինչ հանգուցալուծում է ստանալու Իրանում ընթացող նախագահական ընտրարշավը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր Մեծ Մերձավոր Արևելքում ամենաբարդ թնջուկը իրանականն է (ԱՄՆ-Իրան հարաբերություններ, Իրանի միջուկային ծրագիր և այլն), իսկ մյուսները` այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ամերիկյան մոտեցման տեսանկյունից պարզապես փոխկապակցված են: Իսկ Իրանի հետ Արևմուտքը հարաբերությունների ճշգրտումը, կարծես թե, մտադիր է իրականացնել Իրանում նոր վարչակազմի ձևավորումից հետո: Այսինքն` առնվազն մի քանի ամսով, հենց միայն այս պատճառով, Ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային հանրության օրակարգում կորցնելու է հրատապությունը:

Այնպես որ, առաջիկա հանդիպումը կարելի է դիտարկել որպես հերթական արձանագրայինը, որի միակ նշանակությունը միջնորդների` պինգ-պոնգ հիշեցնող նախաձեռնողականության փաստումն է (այս անգամ` Ռուսաստանի):

Հիշեցնենք, որ վերջին հանդիպումն անցկացվել է Վաշինգտոնի ոչ ֆորմալ հովանու ներքո. Պրահայում` ԱՄՆ դեսպանի կեցավայրում, որին նախորդել էին Հիլարի Քլինթոնի հանդիպումները երկու երկրների արտգործնախարարների հետ:

Հ.Գ. Նշենք նաև, որ միջազգային հանրության կողմից այս փուլում ճնշում բանեցնելուն լրջորեն խոչընդոտում է նաև աշխարհում մոլեգնող ֆինանսական ճգնաժամը: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Ղարաբաղյան հակամարտության` միջազգային հանրության պատկերացրած լուծումը հսկայական ֆինանսական ռեսուրսների ներգրավում է ենթադրում:
Placeholder
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԵԿՈՒՄ ՉԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ` ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ