ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՄԻՋԸ» ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Տնտեսություն
13:33 24/06/2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՄԻՋԸ» ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրեցին համագործակցության եռակողմ հուշագիր` նվիրված «Հայաստանի Հանրապետության նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգև»-ի 2009 թվականի մրցանակաբաշխությանը: Հուշագրում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով մրցանակաբաշխության կազմակերպիչների և ֆինանսավորող կողմի նախորդ տարիների համատեղ արդյունավետ և հաջողված համագործակցային փորձը` կողմերն առաջնորդվում են փոխադարձ վստահության, գործընկերության և գործի կարևորության բարձր գիտակցմամբ»:

«Սա շատ կարևոր պարգևի մրցանակաբաշխության է` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային հեղինակության մրցանակ, որը բավական բացառիկ է և առաջին անգամ է, որ Հայաստանի նախագահը նմանատիպ մրցանակ է ստեղծում: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն այն է, որ միազգային համբավ ունեցող մարդիկ տարիների ընթացքում Հայաստանի նախագահից ստանան այս ծանրակշիռ պարգևը»,- հուշագրի սորագրումից հետո ասաց «Սինոփսիս- Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ըստ նրա, մրցանակաբաշխությունը կնպաստի նաև միջազգային ասպարեզում Հայաստանի իմիջի բարձրացմանը:

«Մենք սիրում ենք մեր երկիրը: Իսկ սա նշանակում է, որ ջանք ու եռանդ չպետք է խնայենք մեր հայրենիքի համբավը բարձրացնելու համար` ինչպես հենց երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: Նշենք, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքների համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է 11 միլիոն դրամ:

Հուշագրի ստորագրմանը հետևելու է նախագահի համապատասխան հրամանագիրը` մրցանակաբաշխության ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի, որն էլ ընտրելու է 2009-ի հաղթողին: Հանձնաժողովի մեջ ընդրգրկված են լինելու ինչպես տեղացի, այնպես էլ այլազգի ճանաչված գիտնականներ: Ընտրվելու է մեկ հաղթող: Մրցանակը տրվելու է ՏՏ ոլորտում միջազգային ամենամեծ հեղինակությունն ունեցող մարդուն:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՄԻՋԸ» ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ