Գիտելիքը բարեկեցության գրավական կարող է լինել
Կրթություն, գիտություն
15:10 09/09/2009

Գիտելիքը բարեկեցության գրավական կարող է լինել

«Մեր կրթական համակարգը դեռևս գտնվում է բարեփոխումների փուլում, իսկ նախարարի փոփոխությունը բերում է մարտավարական և ռազմավարական փոփոխությունների»,- իր պաշտոնավարման հարյուրօրյակի կապակցությամբ տված ասուլիսում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, կա երկու նպատակ. առաջինը` կրթության բնագավառը պետք է սպասարկի տնտեսությանը համապատասխան որակյալ կարդրերով, և, հետևաբար, պետք է ապահովի որակյալ կրթություն` ողջ կրթական համակարգում: Նախարարի խոսքերով, երկրոդ նպատակն այն է, որ կրթության համակարգը պետք է բավարարի հասարակության արժեհամակարգային սպասելիքները:

Թե ինչպիսի միջոցներ պետք է գործադրվեն այդ երկու նպատակներին հասնելու համար, Ա. Աշոտյանի խոսքերով, առաջինը օրենսդարական դաշտի բարեփոխումն է:

«Մեր կրթական և գիտական օրենսդրությունը հեռու է կատարյալ լինելուց: Օրենսդրության մեջ առկան են բազմաթիվ բացեր, խոչընդոտներ, անհամապատասխանություններ: Կրթական և գիտական համակարգին վերաբերող օրենսդրությունը պետք է կառուցվի միասնական համակարգի տեսլականից»,- հավելեց նա:

ԿԳ նախարարը նշեց, որ նախարարությունը ունի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթներ, որոնց մի մասը ԱԺ-ի գալիք աշնանային նստաշրջանում արդեն կդրվեն քննարկման, իսկ մյուս մասը` կլինեն գարնանային նստաշրջանում:

Ա. Աշոտյանի խոսքերով, վերոնշյալ նպատակներին հասնելու համար երկրոդ միջոցը, դա ոլորտի ֆինանսավորումն է:

«Կրթության և գիտության բնագավառի ֆինանսավորումը մեծագույն խնդիր է բոլոր երկրների կառավարությունների համար: Սակայն մեր Կառավարությունը, այս տնտեսական ճգնաժամի պայմաններում մաքսիմալ պահպանել է մեր ոլորտին տրամադրվելիք գումարները, որոնք նախատեսված են 2009 թվականի պետական բյուջեով»,- ասաց նա:

Նախարարի խոսքերով, երրորդ միջոցը ամենակարևոր միջոցն է. պետք է ձևավորվի հասարակության ներսում գիտելիքի նկատմամբ համապատասպան պահանջարկ:

«Սակայն մեր հասարակության մեջ դեռևս չկա այն գաղափարը, որ գիտելիքը բարեկեցության գրավական կարող է լինել: Այսօր պետք է ձևավորենք գիտելիքային արժեհամակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կցանկանա սովորել, այլ ոչ թե լինել կոմերցիոն ֆակուլտետի ուսանող»,- հավելեց նախարարը:

Չորրորդ միջոցը` ճիշտ կադրային քաղաքականությունն է: «Այսօր վաստակաշատ մանակավարժների և գիտնականների կողքին մենք ունենք այնպիսի կադրեր, որոնք չեն համապատասխանում այսօրվա չափանիշներն»,- ասաց նա:
Placeholder
Գիտելիքը բարեկեցության գրավական կարող է լինել