«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը սկսում է IP տարանցման ծառայության մատուցումը Հայաստանի Ինտերնետ պրովայդերներին
Տնտեսություն
19:17 13/10/2009

«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը սկսում է IP տարանցման ծառայության մատուցումը Հայաստանի Ինտերնետ պրովայդերներին

Հոկտեմբերի 15-ից «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը սկսում է IP տարանցման ծառայության (մեծածախ Ինտերնետ) մատուցումը Հայաստանի Ինտերնետ պրովայդերներին: Ծառայության մատուցումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ մեր ընկերությունը շահագործման հանձնեց օպտիկա-մանրաթելքային մալուխի հիման վրա կառուցված իր ցանցի Երևան-Ագարակ հատվածը և իրականացրեց վերջինիս փոխկապակցումը Իրանի օպտիկա-մանրաթելքային ցանցի հետ: Արդյունքում` Հայաստանը Իրանի տարածքով ստացավ հուսալի այլընտրանքային ելք դեպի համաշխարհային հեռահաղորդակցության համակարգեր:

Տարածած հաղորդագրության համաձայն, «ՋիԷնՍի-Ալֆա» ցանցը կառուցված է լավագույն արտադրողներից ձեռք բերված բարձրորակ մալուխի և հեռահաղորդակցության ժամանակակից սարքավորումների հիման վրա: Սկսած ս.թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանի մի շարք խոշոր պրովայդերների հնարավորություն էր ընձեռնվել փորձարկել կապի որակը: Ստացված դրական արձագանքների հիման վրա ընկերությունը որոշում է ընդունել սկսել ծառայության կոմերցիոն մատուցումը: Ծառայությունները մատուցելուց հատուկ ուշադրություն է դարձվելու հաճախորդների սպասարկման որակին, ինչը ենթադրում է վերջիններիս 24-ժամյա աջակցություն, հնարավոր խափանումների վերացման նվազագույն ժամանակ, հաճախորդների ցանկությունների և պահանջների առավելագույնս բավարարում:
Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս նաև Ինտերնետի գների շարունակական նվազման խնդրին, որոնք մինչ օրս հիմնական խոչնդոտներից մեկն են եղել մեր երկրում Ինտերնետի մասսայականության բարձրացման ճանապարհին: «Մենք վստահ ենք, որ հեռահաղորդակցության մայրուղային նոր օպերատորի մուտքը շուկա դրական ազդեցություն կունենա գների մակարդակի իջեցման հարցում: Մեր ստարտային սակագները, որոնք հրապարակված են ընկերության www.gnc.am կայքում, արդեն իսկ ավելի ցածր են մինչ օրս հայաստանյան շուկայում առաջարկված սակագներից: Մենք ջանք չենք խնայելու, որպեսզի ամենամոտ ապագայում մեծածախ Ինտերնետի գները Հայաստանում դադարեն ծառայության ներթափանցումը խոչնդոտող գործոն լինելուց: Մեր նպատակների իրագործման ուղղությամբ մենք ներկայումս ողջ թափով իրականացնում ենք “ՋիԷնՍի-Ալֆա” ցանցի հյուսիսային հատվածի կառուցումը: Նախատեսվում է, որ հյուսիսային մայրուղու հիմնական գիծը շահագործման կհանձնվի 2010թ. առաջին եռամսյակում և կապահովի ևս երկու միջազգային ելք Վրաստանի տարածքով: Հյուսիսային հատվածի կառուցումը կմեծացնի մեր ցանցի հուսալիությունը, Ինտերնետի և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման հնարավորություն կստեղծի Հայաստանի ողջ տարածքում, կապահովի Հայաստանի տարածքով միջազգային տարանցիկ ծառայությունների մատուցումը, որի պահանջարկը ներկայումս բավականին մեծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Placeholder
«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը սկսում է IP տարանցման ծառայության մատուցումը Հայաստանի Ինտերնետ պրովայդերներին